2672 դիտում
19:20 30-08-2017
Դպրոցի լավ լինելը երբեք չպետք է պայմանավորվի միայն շատ աշակերտներ ունենալու հանգամանքով. Տարոն Մարգարյան
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև մայրաքաղաքի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենները:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթօջախների արդյունավետ գործունեության ու կրթական որակի բարելավման համար: Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է մայրաքաղաքի հիմնական ու ավագ դպրոցների ակտիվ համագործակցությունը, նկատելով, որ այս աշխատակարգն իր հերթին կնպաստի ավագ դպրոցների կայացմանը: Անդրադառնալով դպրոցներում կրթական որակի ապահովմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրա վառ ապացույցը նաև տարբեր օլիմպիադաներում տվյալ դպրոցների սաների գրանցած հաջողություններն են:
«Դպրոցի լավ լինելը երբեք չպետք է պայմանավորվի միայն շատ աշակերտներ ունենալու հանգամանքով: Դրան կարող է նպաստել ինչպես կրթօջախների աշխարհագրական դիրքը, այնպես էլ դպրոցի հարմարավետ պայմանները: Իմ խորին համոզմամբ՝ որպես չափորոշիչ պետք է դիտարկվի նաև տվյալ կրթօջախից առարկայական օլիմպիադաներին մասնակից աշակերտների ու հաղթողների թիվը, ինչը լավագույնս ցույց կտա մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի արդյունավետությունը: Եթե դպրոցը հաղթող չի ունեցել, դա արդեն լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա: Լավ կրթօջախ ասվածի վառ ապացույցը հենց աշակերտների գրանցած հաջողություններն են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Եվ ուրեմն, եղեք հետևողական և այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք տարեք, քանի որ ձեր արդյունավետ աշխատանքի լավագույն ապացույցը հենց ձեր սաների գրանցած հաջողություններն են», - ընդգծել է քաղաքապետը:
Խոսելով «Օգնիր դպրոցիդ» ծրագրի մասին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կամավորության սկզբունքով կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը:
««Օգնիր դպրոցիդ» ծրագրի գործարկման հենց առաջին օրից մենք հստակ հայտարարել ենք, որ այն պարտադրված բնույթ չի կրելու: Մեր այս նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կյանքում որոշակի հաջողությունների հասած նախկին շրջանավարտների կամ բարերար ծնողների կողմից կամավորության սկզբունքով իրենց կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք փաստել, որ հաջողվել է: Այսօր մեկ անգամ ևս ուզում եմ հստակեցնենք, որ այս ծրագիրը բացառապես կամավորության սկզբունքով աջակցություն ցուցաբերելու համար է գործարկվել, այլ ոչ թե դպրոցների ներկայիս սաների ծնողներին պարտադրելու, որ գումար փոխանցեն: Սա ևս որոշակի ցուցիչ է, թե որքանո՞վ է տվյալ կրթօջախը հետք թողել հաջողությունների հասած իր նախկին սաների կյանքում, ովքեր պատրաստակամ են իրենց լուման ներդնելու հարազատ կրթօջախի զարգացման գործում», - նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն առանձանկի կարևորել է նաև կրթօջախների ակտիվ համագործակցությունը Երևանի քույր ու գործընկեր քաղաքների հետ՝ ընդգծելով որ այն հրաշալի հարթակ է փորձի փոխանակման համար: Անդրադառնալով դպրոցական խորհուրդներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այդ խորհուրդների աշխատանքը պետք է լինի արդյունավետ, թափանցիկ ու տեսանելի բոլորի համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով ոլորտի առաջնահերթությունները, նշել է, որ կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխում են նոր փուլ, ինչն էլ ենթադրում է կրթական ամբողջ համակարգի արմատապես վերափոխում:
«Մենք հիմա միջառարկայական կապերով փորձում ենք կրթական համակարգի բուրգը հստակ ձևավորել։ Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որի ներքո կձևավորվի երեք կարևոր ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր: «Ուսուցիչ» նախաձեռնությամբ էլ մենք ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը և կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով իսկ նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը», - նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԿԳ նախարարությունն ու կրթական օջախները շարունակելու են ակտիվ համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա համատեղ ուժերով լուծումներ տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս ծառացած են կրթական համակարգի առջև:
Խորհրդակցության ժամանակ անցկացված հարցուպատասխանի ժամանակ տնօրենները հնարավորություն են ունեցել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկներն ուղղելու ոլորտի պատասխանատուներին:
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
15:46 09-06-2017
Տարոն Մարգարյան. «Երևանի ավագանու անդամ լինելը բարձր պատիվ է»
4134 դիտում
23:28 09-03-2020
«Կառավարիչ լինելը՝ «իշխան», «փաշա» լինելը չէ». Արցախի նախագահի թեկնածու. Aravot.am
Այս բաժնից
1006 դիտում
16:39 16-11-2024
«Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը. Տիգրան Ավինյան
970 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
1102 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն