11101 դիտում
10:43 31-08-2017
«Նվագախմբի տղաները» Ֆիլմում նկարագրված դեպքերը որևէ կապ չունեն պատմական իրադարձությունների հետ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Անցնում եմ հայաստանյան հեռուստաալիքներով: Հասկանալի պատճառներով՝ հանգստի ժամին ֆիլմ եմ փնտրում: Մի տեղ ինչ-որ ամերիկյան ֆիլմ էր, որտեղ երեխային պատանդ են վերցրել, որ ծնողներից փրկագին ուզեն: Հենց որ տեսա, որ երեխային վտանգ է սպառնում, փոխեցի ալիքը: Եթե «ֆիրմա» կինո նայեմ, ապա թեթև կատակերգական մելոդրամա, որտեղ աղջիկն ու տղան սկզբից ինչ-ինչ պատճառներով իրար լավ չեն հասկանում, բայց ի վերջո ամեն ինչ տեղն է ընկնում, և նրանք համբուրվում են (ներողություն եմ խնդրում իմ ոչ նուրբ կինոճաշակի համար): Բայց այդ պահին նման ֆիլմ չկար, և հանկարծ հանդիպեցի «Նվագախմբի տղաներին»: Խորհրդային կինոկատակերգություններն ինձ համար ձգողականության մեծ ուժ ունեն՝ «3+2»-ը, «Կովկասի գերուհին», «Վոլգա-Վոլգան», «Ադամանդե ձեռքը» և մի շարք այլ ֆիլմեր կարող եմ նայել ցանկացած տեղից և միշտ նայում եմ մինչև վերջ:
Նույնը և առավել ևս՝ «Նվագախմբի տղաները»: Մհեր Մկրտչյան, Արմեն Խոստիկյան, Լևոն Թուխիկյան, Մայիս Ղարագյոզյան, Կիմ Երիցյան, Լորենց Առուշանյան՝ բոլորը երիտասարդ և խանդավառ, գումարած՝ նրանց ավագ սերնդի վարպետ Արման Կոթիկյանը՝ այդ դերասանների խաղն ինձ թույլ չի տալիս կտրվել էկրանից: Իսկ մեր սիրելի դասախոսներից մեկի՝ կոմպոզիտոր Գևորգ Արմենյանի փայլուն քայլերգի մեղեդին ես հաճախ եմ հիշում, երբ որևէ բան (ժամանակավորապես) չի ստացվում:
Այդ ֆիլմին սեր բացատրելուց հետո ասեմ, որ դրա ցուցադրությունը հեռուստատեսությամբ վիրավորում է իմ դաշնակցական ընկերներին: Եվ նրանք տեղ ունեն նեղանալու, որովհետև 1920 թվականի իրադարձությունները ներկայացված են խորհրդային քարոզչության կարծրատիպերին համապատասխան, որոնք, մեղմ ասած, հեռու էին պատմական ճշմարտությունից: Առաջին հանրապետության այդ ծաղրանկարային ներկայացումը չպիտի որ դուր գա ոչ միայն դաշնակցականներին, այլև Երրորդ հանրապետության ոչ մի քաղաքացու:
Ո՞րն է նման դեպքերում ելքը: Չցուցադրել խորհրդային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներից մեկը՝ սխալ է: Իդեալական կլիներ ամեն մի ցուցադրությունից «բացման խոսք» ասել և ամեն ինչ բացատրել: Բայց դա, հավանաբար, տեխնիկապես դժվար է: Մնում է փոխել ֆիլմի վերջին լուսագիրը: Եթե հիշում եք, այնտեղ գրված է՝ «Ֆիլմը նվիրվում է Սովետական Հայաստանի փառապանծ 20-ամյակին»: Դրա փոխարեն կարելի է գրել՝ «ֆիլմում նկարագրված դեպքերը որևէ կապ չունեն պատմական իրադարձությունների հետ»»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3587 դիտում
09:22 07-12-2017
Լավրովի խոսքերը որևէ կապ չունեն իրականության հետ. քաղաքագետ. «168 ժամ»
84259 դիտում
14:47 24-07-2018
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»