211652_close_icon
views-count124479 դիտում article-date 10:11 04-09-2017

Սպանություն «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում. կերուխումն ավարտվել է 1 մարդու սպանությամբ, կա 2 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, իսկ մեկ այլ երիտասարդ էլ տեղափոխվել է «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Անդրիասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Ստեփան Մինասյանը, 45-ամյա Եղիշ Հայրապետյանը և 21-ամյա Հարություն Մանուկյանը։ Վերջինիս բնակության վայրը ճշտվում է։ Պարզվել է նաև, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել ժամը 00։15-ի սահմաններում, Երևան-Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք մասնակցելիս են եղել ինչ-որ միջոցառման, այնուհետև արդեն ռեստորանի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ընթացքում նրանք ստացել են սուր ծակող-կտրող գործիքից հարվածների հետքեր, և հիվանդանոց տեղափոխված Ս. Մինասյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ն մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր