4693 դիտում
23:01 07-09-2017
Տեղի է ունեցել Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի գրաբար բնագրի և աշխարհաբար փոխադրությամբ գրքի շնորհանդեսը
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Մաշտոցի անվան Մատենադարանի և Թեհրանի Փերիո Կրթասիրաց միության հետ համագործակցությամբ Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու (18-րդ դար) «Հանգիտագրքի» շնորհանդեսը:
Բնագիրը պատրաստել և աշխարհաբարի են փոխադրել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանը և Հասմիկ Կիրակոսյանը: Առաջաբանը գրել է իրանագետ Վահան Բայբուրդյանը: Գիրքը հրատարակվել է Թեհրանի «Ալիք» տպարանում՝ Փերիո Կրթասիրաց միության վարչության նախաձեռնությամբ: Նվիրված լինելով 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարի իրանահայ համայնքի պատմությանը՝ գիրքն ընդգրկում է տվյալների ավելի լայն շրջանակ. Ստեփանոս Երեցի Պատմությունը կարևորագույն տեղեկություններ է պարունակում նաև հարևան երկրների՝ Աֆղանստանի, Հարավային Կովկասի երկրների, հատկապես Վրաստանի պատմության վերաբերյալ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը՝ նշելով, որ բացառիկ աղբյուրագիտական արժեք ներկայացնող այս գրքի լույսընծայումը Մատենադարանի և Սփյուռքի նախարարության փայլուն համագործակցության արդյունքն է:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Այս գրքի շնորհիվ հայ պատմագրությունը հարստացավ ևս մեկ սկզբնաղբյուրով: Դարեր շարունակ պատմական ճակատագրի բերումով հայ ժողովուրդը արմատախիլ է եղել սեփական հայրենիքից և սփռվել ողջ աշխարհով, ապրելով օտարների տիրապետության ներքո՝ մարտնչել է, պայքարել, ապրել ու արարել՝ պահպանելով իր ինքնությունը, լեզուն ու մշակույթը: Ուրախալի է, որ Մատենադարանի գիտաշխատողների օգնությամբ իրականացվել է ձեռագիր մատյանի աշխարհաբար թարգմանության դժվարին աշխատանքը, և այսօր մենք արձանագրում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հայրենակիցների ապրելու և ստեղծագործելու համար ստեղծել է լավագույն պայմանները: Իրանի հայ համայնքը դարձել է Հայաստան-Իրան դարավոր բարեկամության ամրակուռ կամուրջը»:
Նախարարն իր խոսքում բարձր էր գնահատել գիրքը հրատարակելու՝ Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությունը, աշխատությունը գրաբարից աշխարհաբար փոխադրելու՝ Մատենադարանի տնօրինության պատրաստակամությունը և Մատենադարանի գիտաշխատողների բարեխղճությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը:
Փերիո կրթասիրաց միությունն արժանացել էր ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալին, որը նրանց հանձնեց Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Գրքի փոխադրության և տպագրության աշխատանքներին աջակցելու և շնորհանդեսը կազմակերպելու համար Գասպար Ամիրխանյանը Փերիո Կրթասիրաց միության շնոհակալագրերով պարգևատրեց Վահան Բայբուրդյանին, Թամարա Մինասյանին, Լուսինե Թումանյանին, Հասմիկ Կիրակոսյանին և ՀՀ ՍՆ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչությանը:
ԻԻՀ-ում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, գրքի նախաբանի հեղինակ, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանն ընդգծեց, որ պատմագիտական արժեք ներկայացնող գրքի լույսընծայման հարցում լուրջ խթան է հանդիսացել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նվիրումը գործին: Պրոֆեսորը խոսեց հայ մշակույթի զարգացման գործում իրանահայ համայնքի ներդրման մասին:
Գրքի պատմագիտական-աղբյուրագիտական և բանասիրական արժեքների մասին զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ Կարեն Մաթևոսյանը՝ նշելով, որ Ստեփանոս Երեցի «Հանգիտագրքի» բնագրի և աշխարհաբար փոխադրության ամբողջական հրատարակությամբ առաջին անգամ շրջանառության մեջ է մտնում մի երկ, որը կարևոր սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի, հատկապես Փերիա, Բուրվառ, Նոր Ջուղա գավառների պատմության և ընդհանրապես Իրանի ուշ միջնադարի պատմության ուսումնասիրման համար:
Գրքի՝ աշխարհաբար փոխադրելու աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանը: Նա նշեց, որ «Հանգիտագիրքը» մեզ է հասել երկու ձեռագրով: Բնագիրը Նոր Ջուղայի ձեռագրատանը պահվող թիվ 654 մատյանն է: Երկրորդ մատյանը պահվում Մատենադարանում, որը 1945-1946 թվականներին Ջուղայի ձեռագրից ամբողջությամբ ընդօրինակել է իրանահայ բանասեր Լևոն Մինասյանը:
Շնորհանդեսի ավարտին Հայաստանում ԻԻՀ դեսպանատան առաջին քարտուղար Հոսեին Շիրխանին դեսպանի անունից իրանական զարդանաշխերով գորգ նվիրեց Մատենադարանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2757 դիտում
22:59 08-11-2019
Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ
1039 դիտում
12:59 03-03-2024
Մատենադարանին է նվիրաբերվել Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»