109144 դիտում
09:08 08-09-2017
Արտակարգ ու առեղծվածային դեպք Զովունի գյուղում գտնվող «Պագո» սգո սրահում. հրդեհը մարելուց հետո այնտեղ գտնվող դագաղի մեջ հայտնաբերվել է մահացածի կիսամոխրացած դին
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 167 հասցեում գտնվող «Պագո» սգո սրահում դագաղ է այրվում, որի մեջ էլ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները։
Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են սգո սրահում դեռևս անհայտ պայմաններում առաջացած հրդեհը, որտեղ դագաղի մեջ հայտնաբերվել է Երևանի բնակիչ՝ 78-ամյա Ռազմիկ Առաքելյանի կիսամոխրացած դին։
Օպերատիվորեն ժամանել են նաև Եղվարդի շտապօգնության բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել այնտեղ գտնվող սգո սրահի աշխատակից Կորյուն Ասատրյանին, իսկ հետո վերջինիս հոգեբանական աջակցություն է ցուցաբերել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվական գծով բաժնի կրտսեր հրահանգիչ, Փրկարար ծառայության ենթասպա Հուսիկ Խանումյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Թե ինչն է եղել սգո սրահում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ի կողմից նշանակված մի շարք փորձաքննություններից հետո։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: