211652_close_icon
views-count3060 դիտում article-date 20:20 11-09-2017

Կարեն Կարապետյանն ընդունել է ՀԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակի կապակցությամբ և կարևորել երկկողմ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութրոյին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք մեր երկրում: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նա լավագույնս կշարունակի արդեն ձևավորված և ավանդույթ դարձած սերտ համագործակցությունը: Սիրիլ Մյուլլերը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցությունից և այն գնահատել արդյունավետ: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը ցանկանում է հետագայում էլ ավելի ամրապնդել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Հանդիպմանը ՀԲ պատվիրակությունը ներկայացրել է «Ապագայի Հայաստանը» խորագրով զեկույցը, որով գնահատվել են մեր երկրի խնդիրները, կարողությունները, առավելություններն ու անդրադարձ կատարվել կառավարության գործունեությանը: Նշվել է, որ այս զեկույցի հիման վրա էլ մշակվելու է Հայաստանի հետ ՀԲ-ի գործունեության ծրագիրը: Սիրիլ Մյուլլերը շեշտել է, որ զեկույցում տեղ գտած առաջարկությունները համընկնում են ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագրի և բարեփոխումների օրակարգի հետ: «Այս ընթացքում դուք ցույց եք տվել հիանալի ծրագրեր իրականացնելու ձեր կարողությունները, ուստի վստահ եմ, որ կարող ենք ՀՀ կառավարության հետ հասնել հաջողությունների»,- ընդգծել է ՀԲ փոխնախագահը: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր