Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկի քաղգործկոմի նախագահ Անդրեյ Շորեցի հրավերով սեպտեմբերի 8-ից 10-ն այցելել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք՝ մասնակցելու Մինսկի հիմնադրման 950-ամյակին նվիրված միջոցառումներին:
Այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մինսկ քաղաքի ղեկավարության հետ: Քաղաքի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարեմաղթանքները փոխանցելով գործընկերներին, Դավիթ Օհանյանն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ խորացնելու Մինսկի հետ առկա համագործակցությունը:
Անդրեյ Շորեցն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների, ինչպես նաև հրավերն ընդունելու և տոնակատարություններին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի պատվիրակությունը մասնակցել է «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշարձանի ծաղկադրման արարողությանը: Պատվիրակությունը մասնակցել է նաև Մինսկի օրվա առթիվ կազմակերպված տոնական այլ միջոցառումներին: