211652_close_icon
views-count9744 դիտում article-date 21:18 14-09-2017

Երևանում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների 4-րդ փառատոնը

Սեպտեմբերի 16-ին Երևանի Անգլիական այգում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների չորրորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ ֆերմերներին ներկայացնել իրենց արտադրանքը: Միջոցառումը կազմակերպվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը հնարավորություն է ընձեռում գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր տնտեսություններին հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքները և յուրօրինակ երկխոսություն հաստատել արտադրողների և քաղաքացիների միջև: «Յուրաքանչյուր տարի աճում է միջազգային կառույցների և զբոսաշրջիկների հետաքրքրությունը փառատոնի հանդեպ: Այս տարի միջոցառմանը ներկայացված կլինի պետական օժանդակության, միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արտադրված գյուղմթերքը, այդ թվում` նաև օրգանական արտադրանք», - նշել է փոխնախարարը: «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն իր հերթին տեղեկացրել է, որ տարեցտարի փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը, ավելանում է թե' մասնակիցների և թե' համագործակցող կազմակերպությունների թիվը: «Գյուղական կյանքի և ավանդույթների առաջին փառատոնին, որն անց է կացվել 2014 թվականին, մասնակցում էին ընդամենը 50 ֆերմերային խմբեր, մինչդեռ այս տարի այն կմիավորի առավել քան 130 ֆերմերային խմբերի, ձեռներեցների և վերամշակող փոքր ձեռնակությունների ներկայացուցիչների ոչ միայն Հայաստանի մարզերից, այլ նաև հարևան Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից», - նշել է Նունե Սարուխանյանը: Ակնկալվում է, որ այս տարի ավանդական մշակույթի և բերքի տոնի շուրջ Երևանում կհամախմբվեն շուրջ 15 հազար մասնակիցներ և այցելուներ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր