132934 դիտում
10:52 16-09-2017
Ողբերգական ավտովթարից մահացած երիտասարդի ընտանիքը դարձել է խաբեության զոհ, խարդախն ասում է, որ ինքը դատախազի տղա է և իրեն ոչինչ չեն կարող անել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այս տարվա ապրիլի 10-ին Մյասնիկյան պողոտայում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած երիտասարդի ընտանիքը, ով ուներ մանկահասակ աղջիկ երեխա, դարձել է խաբեբաների զոհ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զույցում երիտասարդի կինը՝ 21-ամյա Լաուրա Լոկտինովան, պատմեց հետևյալը.
Նա իր մայրիկի հետ ամուսնու մահվանից հետո վաճառում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում իրենց պատկանող տունը և որոշում են Երևանում հիպոտեկային վարկով բնակարան գնել: Այդ ժամանակ նրանց ոչ այդքան մոտ ծանոթներից մեկը՝ 23-ամյա Նարեկ Գասպարյանը, ով ներկայացել է որպես Ռազմական ոստիկանության քննիչ, առաջարկում է, որ այդ գումարը իրեն տան և ինքը Պտղնիում գտնվող իր հողամասի վրա կկառուցի նոր բնակարան և կտրամադրի նրանց:
Նարեկն ասել է, որ իր հայրը՝ Արարատ Գասպարյանը, Ռազմական դատախազության դատախազ է, այնուհետև միայնակ ծնողին ծանոթացրել է իր բարեկամների հետ՝ հավատ ներշնչելու և վստահություն ձեռք բերելու համար: Հետո ծանոթացնում է իր ընկերներից Ռազմիկի հետ, ում հայրը Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենն է և մյուս ընկերների հետ։
Այդպիսով, ամեն անգամ պնդում է, որ ինքը խաբելու միտք չունի, այլ ուղղակի ցանկանում է միայնակ մնացած կնոջը և նրա ընտանիքին օգնության ձեռք մեկնել: Այդ ամենից հետո կարճ ժամանակվա ընթացքում Նարեկը վերցնում է տան գումարը ամբողջությամբ, որը կազմում է 7400 ԱՄՆ դոլար և ամեն անգամ Լաուրայի այն խնդրանքին, որ տանի և ցույց տա Պտղնիում կառուցվող տունը, պատճառաբանություններ է գտնում և հրաժարվում:
Գումարը վերցնելուց հետո Նարեկը սկսում է այցելել արդեն BMW մակնիշի ավտոմեքենայով՝ այն դեպքում, երբ միչև այդ ոտքով էր գալիս-լինում: Նաև յուրաքանչյուր այցելության ժամանակ ասում է, որ իր հետ եկած անձը՝ Արոն, ով իր հորքուրի տղան է, շինարարությանը հետևում է և կարող է փաստել, որ այն ընթացքի մեջ է:
Որոշ ժամանակ հետո էլ Նարեկը հանդիպում է ունենում Լաուրայի մայրիկի հետ և հայտնում, որ տան տանիքը կառուցելու համար գումար է անհրաժեշտ և պետք է վարկ վերցնեն ու տան իրեն:
Վարկը վերցնում են, որը կազմում է 1,200, 000 ՀՀ դրամ և տալիս Նարեկին, ով խոստացել էր, որ ինքը տուն կտրամադրի, որպեսզի ընտանիքը տան վարձ չտա և կարողանա վարկը մարել:
Մի քանի օր հետո Նարեկը նրանց տանում է Կոմիտասի պողոտա 12 շենքի բնակարաններից մեկը, որը ներկայացնում է իբր իր բնակարան և առաջարկում այնտեղ ապրել: 4 օր այնտեղ բնակվելուց հետ Նարեկի մորաքրոջ աղջիկը՝ Մերին, բացահայտում է Նարեկի ստերը, որը և հարևանն է հաստատում և ասում, որ Նարեկը իրեն ասել է, թե իբր անապահով ըտանիք է, ամուսինը նոր է մահացել, երեխան հիվանդ է և տունը վարձով տրամադրի:
Այս ամենից հետո էլ Նարեկը սկսում է բարկանալ, թե իբր ինքը տուն է սարքում, փոխանակ շնորհակալ լինեն իրեն, վարկաբեկում են, որ իր հայրը դատախազ է, ընկերոջ հայրը՝ հիվանդանոցի տնօրեն և իրեն ոչ մեկ ոչինչ չի կարող անել: Հետո էլ զանգահարում է և առաջարկում գնալ նոտարական գասենյակ, որտեղ ինքը կպարտավորվի, որ գումարը 1 ամսվա ընթացքում հետ կտա, սակայն Լաուրան հրաժարվում է իրավաբանի խորհրդով:
Լաուրան և մայրը Ոստիկանությունում հաղորդում են տալիս, որ Նարեկը խարդախությամբ տիրացել է իրենց պատկանող խոշոր գումարների և չի վերադարձնում: Հաջորդ օրը Նարեկը ներկայանում է Ոստիկանություն և պարտավորագիր գրում, որով պարտավորվում է միչև օգոստոսի 26-ը հետ վերադարձնել 7400 ԱՄՆ դոլարը և 950,000 ՀՀ դրամ, սակայն նա չի իրականացնում իր պարտավորությունները: Ոստիկանությունն էլ գործը փոխանցում է ՀՀ Քննչական կոմիտե:
Այս պատմության մեջ արծարծվում է նաև «Գող Գոջո» մականվամբ ինչ-որ անձի միջամտություն, ով գաղութից զանգահարելով Լաուրային, լսելով նրան՝ փոխանակ ինչ-որ կերպ հարցին լուծում տա, մեղադրում է նրան, որն էլ ասում է, որ իրեն այևս չզանգահարի և չանհանգստացնի:
Զրույցի վերջում միայնակ մայրը խնդրեց իրավապահ կառույցների պատասխանատուներին, որ այս հարցը օրինական լուծում ստանա և վերադարձվի իրենց պատկանող գումարը:
Ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/10/1063986/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, այս տարվա ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 FR 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի հարևանությամբ, բախվել էր էլեկտրասյանն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը։ Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութըեր՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+