211652_close_icon
views-count4915 դիտում article-date 11:33 19-09-2017

Մեր նպատակն է ծառայել մարդկանց, ովքեր տառապում են աղքատությունից. Դոնալդ Թրամփ. «Ամերիկայի ձայն»

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է կենտրոնացնի իր գործունեությունը մարդկանց, այլ ոչ թե զեկույցներ պատրաստելու վրա, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու և մեր գործն է բացահայտել այդ արժեքը»: Միացյալ Նահանգների նախագահը հիշեցրել է՝ ՄԱԿ-ի հիմնական նպատակն է բարելավել մարդկանց կյանքերը, սնունդ և օթևան տրամադրել աղքատներին, խաղաղություն հաստատել և օգնել կանանց պաշտպանել իրենց իրավունքները. «Մինչդեռ, վերջին տարիներին ՄԱԿ-ն ամբողջությամբ չի իրականացնում իր ներուժը բյուրոկրատիայի և վատ կառավարման պատճառով»: Նախագահ Թրամփը նշել է, որ վերջին տարիներին ՄԱԿ-ի ծախսերն ավելացել են ավելի քան 100 տոկոսով. «Սակայն, մենք չենք տեսնում ներդրումներին համարժեք արդյունքներ»: ԱՄՆ-ը աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկած կազմակերպության բարեփոխումների ծրագրին, որը նախատեսում է ավելի համաչափ բաշխել ֆինանսական և ռազմական բեռը ՄԱԿ-ի անդամ-պետությունների միջև: Մասնավորապես, 2017-ին Միացյալ Նահանգները վճարել է ՄԱԿ-ի ծախսերի 28%-ից ավելին, իրավիճակ, որը Դոնալդ Թրամփի կարծիքով անարդար է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր կողմից նշել է, որ բարեփոխումների իր ծրագիրը, որին աջակցություն է հայտնել ավելի քան 128 ՄԱԿ-ի անդամ-պետություն, թույլ կտա կազմակերպությանը կենտրոնանալ առաջնահերթությունների վրա. «Եկեք չմոռանանք, որ մեր նպատակն է ծառայել մարդկանց, մարդկանց, ովքեր տառապում են աղքատությունից, ովքեր մերժված են, մարդկանց, ովքեր հակամարտությունների զոհ են դառնում, մարդկանց, ում իրավունքներն ու արժանապատվությունը հերքվում են»: Երեքշաբթի Դոնալդ Թրամփը ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր սսամբլեայի 72-րդ նստաշրջանում, որի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը հավանաբար իր մոտեցումներն է ներկայացնելու Հյուսիսային Կորեայի վտանգի, Սիրիայի պատերազմի, ահաբեկչության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ: Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:

Նմանատիպ նյութեր