211652_close_icon
views-count7718 դիտում article-date 14:48 23-09-2017

Պատերազմում մենք բոլորս պետք է մեկս մյուսին թիկունք կանգնենք` ընդհանուր հաղթանակ ապահովելու համար. դիրքապահ Դավիթ Մկրտչյան

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ «Հայրենիքիս ծառայելն ինձ համար մեծ պատիվ է». հենց այսպիսի համոզմունքով է Դավիթը զորակոչվել զինծառայության և առանց տրտնջալու, գիտակցաբար, գրեթե մեկ տարի է, ինչ կատարում է իր ծառայողական պարտականությունները: Թերևս դա է պատճառը, որ ինքն իրեն համարում է ոչ թե պարզապես 2 տարվա զինվորական պարտքը կատարող և օրեր հաշվող անձնավորություն, այլ ժողովրդի հույսն ու ապավենը, իր հայրենիքի պահապանն ու նրա արժանապատիվ քաղաքացին: Շարքային Մկրտչյանի մոտ այսպիսի համոզմունքը ձևավորվել է նախքան զորակոչվելը, իսկ հաստատվել` հատկապես դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում: Դավիթ Գեղամի Մկրտչյանը ծնվել է 1998 թվականի ապրիլի 15-ին Երևանում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է համար 2 պետական քոլեջի մարկետինգի բաժինը: 2016 թվականի հուլիսին երրորդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է զինծառայության: Վերադաս հրամանատարությունն ու ծառայակից ընկերները որպես լավ դիրքապահի, պարտաճանաչ զինծառայողի ու պարկեշտ ծառայակցի բնութագրեցին շարքային Մկրտչյանին: «Իմ կարծիքով` ես կարողացել եմ զինծառայության ընթացքում դրական կողմերով դրսևորվել շնորհիվ աշխատասիրության ու պատասխանատվության: Պատասխանատվություն վստահված գործի` ծառայողական պարտականությունների և հատկապես դիրքապահի պարտականությունների կատարման նկատմամբ: Սա ինձ համար սկզբունքային նշանակություն ունի: Միշտ լրջությամբ եմ վերաբերվում հրամանատարության կողմից տրված հրամաններին ու խորհուրդներին` գիտակցելով, որ նրանք այն անձինք են, ովքեր ամենօրյա գործունեությամբ նպաստում են մեր երկրի անվտանգության ապահովմանը: Հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված լինելը պարտքի ու պատասխանատվության մեծ խնդիր է, ինչը պետք է գիտակցեն բոլոր զինծառայողները` ձգտելով ոչ թե զուր տեղը ժամանակը վատնել, այլ ինչ-որ մի բան անելով՝ նպաստել ընդհանուր գործի հաջողությանը: Հայրենիքիս ծառայելն ինձ համար մեծ պատիվ է, և կփորձեմ պատվով կատարել այդ առաքելությունը` իմ հնարավորությունների չափով օգտակար լինելով նրան»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Դավիթ Մկրտչյանը` շեշտելով, որ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունը ոչ միայն իր, այլև ողջ անձնակազմինն է: Չնայած Դավիթը մեկ տարի էլ չկա, ինչ ծառայում է Պաշտպանության բանակում, սակայն այդ ընթացքում կարողացել է ըմբռնել ոչ միայն զինծառայության նշանակությունը հայրենիքի պաշտպանության գործում, այլև հասկացել է, որ այն կարևոր դպրոց է իր հետագա ողջ կյանքի համար: «Այս ընթացքում ինձ մոտ ձևավորվել և ամրապնդվել են մի շարք դրական հատկություններ: Դրանցից կառանձնացնեի վստահությունը սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ, ինքնուրույն որոշումներ կայացնելու և կոլեկտիվ մտածելու ունակությունը, երբ առօրյա գործունեության ընթացքում պատասխանատվություն ես զգում, մտածում ես ոչ միայն քո մասին, այլև ծառայակից ընկերներիդ: Չէ՞ որ պատերազմի ժամանակ մենք բոլորս պետք է մեկս մյուսին թիկունք կանգնենք` ընդհանուր հաղթանակ ապահովելու համար»,- նշեց Դավիթը` հավելելով, որ, իր կարծիքով, բանակը հզոր է հենց այդպիսի հատկանիշներ ունեցող զինծառայողների շնորհիվ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր