211652_close_icon
views-count323 դիտում article-date 09:37 28-09-2017

Պուտինը՝ Անկարայում, հերթական զոհը՝ արցախյան առաջնագծում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ հուշում էին, որ Բաքուն հայ-ադրբեջանական շփման գծում դարձյալ գնալու է սրման: Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձևակերպում տվեց Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել: Ալիևի ելույթը չարժանացավ համարժեք միջազգային պատասխանի, ավելին` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ որևէ խոսք չկար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Այս հանգամանքն անուղղակի խրախուսում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, նույնիսկ Բաքվի կողմից կարող է ընկալվել որպես նոր պատերազմ սանձազերծելու միջազգային քարտ-բլանշ: Համանախագահների հայտարարությունը, սակայն, ուներ ավելի խորքային ենթատեքստ: Շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջով հանդես էր գալիս ԱՄՆ-ը և, եթե այս հարցը դուրս է եկել Մինսկի խմբի համանախագահության օրակարգից, ապա կարող ենք ենթադրել, որ Վաշինգտոնը մեր տարածաշրջանի ու ԼՂ հակամարտության կառավարումը հանձնել է Մոսկվային: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նաև Վաշինգտոնի նոր քաղաքականության հետևանքով ստեղծված վիճակն են այսօր Անկարայում քննարկում Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը: Ահա տարածաշրջանային այս համատեքստում, երբ ԱՄՆ-ի, ըստ էության, բացակայությունը նոր աշխուժություն է առաջացրել Մոսկվա-Անկարա-Բաքու առանցքում, հայկական զինուժը սահմանագծին ունենում է մարդկային հերթական կորուստը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր