211652_close_icon
views-count11075 դիտում article-date 14:59 29-09-2017

Մանրամասներ՝ Անկարայում կայացած Պուտին - Էրդողան հանդիպումից. «Ազատություն»

Երեկ սեպտեմբերի 28-ին, Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների` այս տարի հինգերորդ հանդիպումը, որը տևել է շուրջ երկու ժամ և որի ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայի և Իրաքի Քուրդիստանի, ինչպես նաև ռազմատեխնիկական, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28764137.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: Հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շնորհիվ մոտ է կարգավորմանը: «Պետք է խոստովանել, որ անվտանգության գոտիների ստեղծման շուրջ աշխատանքները բարդ էին ինչպես սիրիական հակամարտության կողմերի, այնպես էլ այդ գործընթացի երաշխավորներ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար։ Սակայն չնայած բոլոր դժվարություններին՝ մեզ հաջողվել է դրական արդյունքներ արձանագրել։ Համարում եմ այդ արդյունքները մեր բոլորիս հաջողությունը, ինչպես նաև մեր բարեկամ պարոն Էրդողանի հաջողությունը, քանի որ նա էր այս գործընթացի նախաձեռնողներից մեկը», - Անկարայում երեկ երեկոյան հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Ինչ վերաբերում է երկկողմ համագործակցությանը, Պուտինը ասուլիսին նախ հայտարարել է, որ ընթացիկ տարվա յոթ ամիսներին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 31․5 տոկոսով։ Օրակարգում էր նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հիշեցնենք՝ վերջերս Անկարան Մոսկվայի հետ С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգ գնելու մասին համաձայնագիր է ստորագրել, որով Անկարան ռուսական վարկով ոչ միայն գնում է այդ գերհզոր համակարգը, այլ նաև դրանք Թուրքիայի տարածքում արտադրելու իրավունք, ինչպես նաև արտադրության հարցում Ռուսաստանի աջակցությունն է ստանում։ Պուտինն ու Էրդողանը քննարկել են «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի հարցերը։ Այստեղ կան որոշ բիզնես տարաձայնություններ, սակայն դրանք կողմերը մտադիր են հաղթահարել։ Ասուլիսին Ռեջեփ Էրդողանը նաև հայտարարել է, որ եկող տարի Վլադիմիր Պուտինը նորից կայցելի Թուրքիա, որտեղ պետք է կայանա ռուս-թուրքական բարձր մակարդակի հանձնաժողովի հերթական նիստը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր