211652_close_icon
views-count1442 դիտում article-date 18:22 18-03-2022

Թուրքիայի նախագահի խոսնակը մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան զրույցից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը BBC-ից Ջոն Սիմփսոնի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև հեռախոսազրույցի որոշ մանրամասների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrathaber-ը:

Քալընը նշել է, որ որոշ պահանջներ, որոնք Պուտինը ներկայացրել է Էրդողանին, «կարող են իրատեսական լինեն համաձայնության գալու համար»:

Դրանց թվում են նախկինում հնչած պահանջները, օրինակ՝ Ուկրաինան պետք է երաշխավորի  իր չեզոքությունը և հայտարարի, որ չի լինելու ՆԱՏՕ-ի անդամ։

Համաձայնագրի պահանջների թվում կա կետ, որը Պուտինը անվանում է երկրի ապանացիֆիկացում։

Թուրքական կողմը կարծում է, որ այդ պահանջը կարելի է հաղթահարել նույնքան հեշտությամբ, որքան նացիզմը դատապարտելը։

«Իրատեսական» պահանջների թվում է նաև Ուկրաինայում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալը:

Քալընի խոսքով՝ Ռուսաստանի պահանջներն այս պահին ներառում են նաև Դոնբասի և Ղրիմի կարգավիճակը, և Պուտինը պնդում է, որ այս շրջանները ռուսական են:

Սիմփսոնը նշում է, որ այս պահին Քալընը չի խորացել մանրամասների մեջ, սակայն ենթադրվում է, որ Կրեմլը կպահանջի հրաժարվել Դոնբասից։

«Պուտինն ասել է, որ այդ հարցերը կարող են լուծվել միայն Զելենսկու հետ դեմ առ դեմ խոսելով»,-զրույցում ասել է Քալընը։

Ըստ թուրքական կողմի՝ համաձայնության հասնելու համար կարող է պահանջվել ևս մի քանի շաբաթ։

Ըստ Քալընի՝ Էրդողանը կողմերին առաջարկել էր հանդիպումը կազմակերպել Անկարայում կամ Ստամբուլում:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման պատրաստակամություն է հայտնել նաև Ուկրաինայի նախագահը:

 

Նմանատիպ նյութեր