85538 դիտում
11:16 30-09-2017
Տեղեկությունները, թե երեկ Երևանում մի խումբ ուսանողների միջև ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, չի համապատասխանում իրականությանը, դեպքի վայրում հայտնաբերվել է 3 հատ մահակ, կռվին մասնակցել են 3 ԲՈՒՀ-ի ուսանողներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Տարոն Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի բակային տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը մի խումբ ուսանողներ ավտոմեքենան ավտոկանայատեղիում կայանելու պատճառով կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ 22-ամյա Ծառուկ Ծառուկյանը և 25-ամյա Վահագն Էլյազյանը իրենց մի քանի ընկերների հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ ծեծի են ենթարկել Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, 18-ամյա Լյովա Խաչատրյանին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։
Դեպքի վայր ժամանած Ոստիկանության ծառայողները այնտեղ հայտնաբերել են 3 հատ մահակ և մի քանի ավտոմեքենաներ, և կան կասկածներ, որ մահակները օգտագործվել են ծեծկռտուքի ժամանակ։
Տեղեկությունները, որ վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ, իրականությանը չեն համապատասխանում և երեկ որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, հղում անելով իրենց «լավատեղյակ» աղբյուրներին, նշել էին, որ հնչել են կրակոցներ, մինչդեռ դա հերքվում է ինչպես դեպքի վայրում կատարված զննության արդյունքում, այնպես էլ ականատեսների տված բացատրություններից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը մասնակցել են ԵՊՀ-ի, Ֆիզկուլտինստիտի և Տնտեսագիտական համալսարանի (հանրությանն ավելի շատ հայտնի Ժողինստիտուտի) ուսանողները։
Գրեթե բոլորի ինքնությունը Ոստիկանության Կենտրոնական բաժնում պարզվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժված Լ. Խաչատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 21։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի Ջրվեժ-Մայակ թաղամասի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Մաթևոսյանը, ով ստացել է «կրծքավանդակի սալջարդ, ծակած-կտրած վերք» վնասվածք։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողնրին նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է «Ջրվեժ Ա» թաղամասի 26-րդ փողոցի հողամասում հողագործական աշխատանքներ կատարելիս։ Սակայն Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ վերջինս ստում է. նա վնասվածքները ստացել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի բակային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Մաթևոսյանը սովորում է Երևանի Տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում և Ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության Կենտրոնական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: