211652_close_icon
views-count4212 դիտում article-date 16:06 04-10-2017

ՀՀ ԳՆ հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար, խորհրդի նախագահ Իգնատի Առաքելյանը: Նիստի օրակարգի առանցքային թեման գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված 2017 թվականին մշակված ծրագրերի փաթեթի քննարկումն էր, որոնց վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարարը: «Մենք այսօր ձեզ հրավիրել ենք, որպեսզի հանգամանորեն ներկայացնենք ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերը, դրանց գաղափարախոսությունը: Վերլուծել ենք նախկինում իրականացված բոլոր ծրագրերը, հաշվի առել առկա բոլոր խնդրահարույց հարցերը, նոր ծրագրերը մշակելիս նախապես քննարկումներ են կազմակերպվել շահագրգիռ կողմերի հետ և եկել ենք այն եզրակացության, որ արդեն ժամանակն է նշաձողը փոքր-ինչ բարձրացնել, քանի որ հանրապետությունում կան գյուղացիական տնտեսություններ, որոնք պատրաստ են զարգանալու, և մենք այս ծրագրերի միջոցով փորձում ենք նրանց տալ այդ հնարավորությունը, դա մատչելի ֆինանսական ռեսուրսներ են և նորագույն տեխնոլոգիաները», - ողջունելով ներկաներին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Այնուհետև նախարարն ամփոփ ներկայացրել է Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տոկոսադրույքով վարկեր են տրամադրվում: Առաջարկություն է հնչել քննարկել նաև բարձր լեռնային համայնքների համար նույնպես 3 % տոկոսադրույք կիրառելու հնարավորությունը, ինչն ընդունվել է ի գիտություն: Ընթացիկ տարվա նախաձեռնությունների թվում Իգնատի Առաքելյանը մատնանշել է նաև Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիրը, որով ընկերություններին տրամադրվում են 3% տոկոսադրույքով մինչև 150 մլն դրամ վարկեր: Նախարարի խոսքով՝ արդեն 3 ընկերություն ծրագրի շրջանակում վարկ է ստացել, ևս 10 հայտ քննարկման փուլում է: «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի նպատակն է թարմացնել և արդիականացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը: Նախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակում տրամադրվել է շուրջ 140 միավոր գյուղտեխնիկա և ստեղծվել է գյուղատնտեսական տեխնիկայի մեկ կայան Գեղարքունիքի մարզում: Միաժամանակ նախարարը նշել է, որ պիլոտային այս ծրագրերն իրականացվել են խնայված միջոցների հաշվին: Լիզինգի ծրագրի շրջանակում առաջարկվել է տրամադրել նաև վերամշակման ոլորտում կիրառվող սարքավորումներ, ինչին ի պատասխան նախարարը հայտնել է, որ նման ծրագիր այժմ մշակման փուլում է: Նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված և 2018 թվականին մեկնարկող ծրագրերը, այդ թվում` «Կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության», «Գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման» և «Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության» ծրագրերը: Հասարակական խորհուրդը դրական է գնահատել և հավանության է արժանացրել քննարկման դրված ծրագրերի փաթեթը:

Նմանատիպ նյութեր