211652_close_icon
views-count7749 դիտում article-date 13:23 06-10-2017

Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ ԵԱՏՄ բոլոր երկրների հետ. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը: Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետը համաժողովների օրակարգը չափազանց կարևոր և արդիական է համարել: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի մասնակիցների ուշադրությունը նա հրավիրել է Հայաստանում այսօր առկա հնարավորությունների վրա: «Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար և դիտարկվել ոչ միայն որպես զուտ հայաստանյան ներքին շուկա, այլև որպես հարթակ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Առաջիկայում մենք ավարտում ենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման շուրջ աշխատանքները և իրանական կողմի հետ պայմանավորվում ենք սահմանին հատուկ ռեժիմի մասով: Հայաստանն այսօր ունի GSP+ և GSP արտոնյալ ռեժիմներ՝ համապատասխանաբար ԵՄ երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Կարծում եմ, որ հնարավորության դեպքում ճիշտ կլինի քննարկել նաև այս աշխատանքներում մեր երկրների մասնակցության հեռանկարները»: Անդրադառնալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովին՝ կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների միջկառավարական բոլոր մակարդակներում տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց առկա ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվել: «Ավելին, ներուժը շատ ավելին է, քան այսօր գոյություն ունեցողը: Վստահ եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումը կարևոր բաղադրիչ է, առավել ևս, որ վերջին շրջանում մենք Հայաստանի կառավարությունում ընդգծել ենք մեր մարզերի ղեկավարների հաշվետվողականության տնտեսական բաղադրիչի կարևորությունը: Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման և արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում», - նշել է վարչապետ Կարապետյանը և բոլորին արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթել: Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի շրջանակում անցկացվելու են թեմատիկ նիստեր՝ երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և հումանիտար ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու, այս մակարդակում ինտեգրացիոն գործընթացները խթանելու վերաբերյալ: Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Քաթարից, Հարավային Կորեայից, Հնդկաստանից և այլն:

Նմանատիպ նյութեր