211652_close_icon
views-count5680 դիտում article-date 22:48 20-10-2017

Անհրաժեշտ է կոտրել Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակումը. Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության (EuFoA) նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն, քննարկումը եզրափակելով, նշեց․ «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց հետաքրքրվածությունը քննարկվող թեմայով։ Արցախը գոյություն ունի անկախ հակամարտությունից, և այն իրոք կարիք ունի առավել լավ ճանաչվելու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոտրել Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակումը։ Հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների՝ բանակցային գործընթացում ուղիղ ներգրավվածության շնորհիվ, և ԵՄ-ն կարևոր դեր կարող է խաղալ՝ ընդլայնելով ու ակտիվացնելով շփումներն այդ տարածքի և այնտեղ բնակվող մարդկանց հետ»։ Ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուսների, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և մամուլի ավելի քան 30 ներկայացուցիչներ։ Պարոն Պինտոն ողջունեց և շնորհակալություն հայտնեց խոսնակներին ու մասնակիցներին՝ հիշեցնելով, որ սա շատ բացառիկ հնարավորություն է Բրյուսելում խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ԼՂՀ ներքին և արտաքին խնդիրների մասին ԼՂՀ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ։ Պարոն Մայիլյանը նախ և առաջ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ընթացող ժողովրդավարացման գործընթացների համալիր պատկերը՝ շեշտելով, որ ԼՂՀ-ն բաց է այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համար, ինչպես նաև կոչ անելով ԵՄ-ին՝ դիտարկելու հետագա ակտիվ ներգրավվածությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են՝ քաղաքացիական հասարակության ուժեղացումը, մամուլի ազատությունն ու բազմակարծությունը և հումանիտար բնույթի այլ ոլորտներում։ «ԵՄ-ի համագործակցությունը Արցախի հետ պետք է կայունացնող դեր խաղա և դառնա կարևոր գործոն Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման համար, ավելին՝ ԵՄ-ն պետք է ազդարարի, որ անթույլատրելի է կիրառել առճակատումը և շրջափակումը որպես հակամարտությունների լուծման միջոց։ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսումը չի կարող կասեցվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծվածության հետևանքով, ավելին՝ Ղարաբաղի չճանաչվածությունը չպետք է խոչընդոտ դառնա Արցախի և ԵՄ-ի միջև համագործակցության համար»։ Պարոն Մելիքյանն իր ելույթում շեշտեց, որ մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում համարվում են պետականության հիմնարար մաս, և շարունակաբար ջանքեր են գործադրվում այդ ոլորտը զարգացնելու, ինչպես նաև մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Դրա վառ ապացույցն է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է մշակել և ընդունել Մարդու իրավունքների ռազմավարություն և Գործողությունների ծրագիր։ Մարդու իրավունքների պաշտպանը մասնակիցներին ներկայացրեց արդեն հրապարակված զեկույցը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների մասին 2016 թ․ ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև նոր պատրաստվող զեկույցը Ադրբեջանում հայատյացության մասին։ Նա իր եզրափակիչ խոսքում շեշտեց, որ «քսենոֆոբիան մշտապես անընդունելի է»։ Զեկույցներին հաջորդած բովանդակալից քննարկման ժամանակ մասնակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մարդու իրավունքներին առնչվող տարբեր հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ ներկա բանակցային գործընթացը, խաղաղաշինական ծրագրերը, ինչպես նաև հակամարտության կարգավորման հեռանկարները։ Քննարկման ընթացքում խոսվեց նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների, վերջինիս դերակատարության, ինչպես նաև Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի և Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված ակնկալիքների մասին։ Քննարկման մասնակիցները անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղում մամուլի և խոսքի ազատության հարցերին, կանանց և երիտասարդների դերին, տնտեսական իրավիճակին և այլ ոլորտների խնդիրներին։ Պարոն Պինտոն, քննարկումը եզրափակելով, նշեց․ «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնել այսքան մարդկանց հետաքրքրվածությունը քննարկվող թեմայով։ Արցախը գոյություն ունի անկախ հակամարտությունից, և այն իրոք կարիք ունի առավել լավ ճանաչվելու, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կոտրել Ադրբեջանի կողմից ստեղծված շրջափակումը։ Հակամարտությունը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների՝ բանակցային գործընթացում ուղիղ ներգրավվածության շնորհիվ, և ԵՄ-ն կարևոր դեր կարող է խաղալ՝ ընդլայնելով ու ակտիվացնելով շփումներն այդ տարածքի և այնտեղ բնակվող մարդկանց հետ»։ ### EuFoA-ն ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ Ալեքսանդրա Ռոուսիին՝ [email protected] +3222331101 կամ EuFoA երևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև Հայրապետյանին՝ [email protected] +37477427383: EuFoA ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.eufoa.org-ում: [b]EuFoA[/b]

Նմանատիպ նյութեր