211652_close_icon
views-count8665 դիտում article-date 13:23 25-10-2017

Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 2-ի շրջանակում ընթացքում են Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ այս տարվա ապրիլին մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքը գտնվում է պատասխանատուների ամենօրյա խիստ հսկողության ներքո: Ճանապարհահատվածում մինչ այժմ կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Անցնելով ճանապարհի ամբողջ երկայնքով` նա իր դիտարկումներն ու դիտողություններն է ներկայացրել պատասխանատուներին: Այժմ այստեղ իրականացվում են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի և կամուրջների կառուցման, ինչպես նաև հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները: «Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով ևս իր կարևոր նշանակությունը կունենա և մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի: Ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին»,- նկատել է Վահե Նիկոյանը: Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ 28 մետր լայնությամբ և շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Ճանապարհը կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով: Շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Նմանատիպ նյութեր