211652_close_icon

Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից հետո կազմվում են նաև մյուս շենքերի գովազդային անձնագրերը

views-count13259 դիտում article-date 16:17 26-10-2017
Դեռևս օգոստոսին Երևանի քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգով վարչական վարույթներ էր իրականացրել, որոնց նպատակը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին առկա տարատեսակ գովազդների կանոնակարգումն էր: Ըստ այդմ, կազմվել էին գովազդային անձնագրեր, որոնցում մանրամասնորեն նշված էր, թե ինչ տեսք պետք է ունենան գովազդները, որպեսզի չխաթարեն այդ շենքերի ճարտարապետական կերպը: Ներկայումս արդեն ավարտվել են 60 պատմամշակութային շենքերի գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Ընդ որում, այդ շենքերի գերակշիռ մասը գտնվում է Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոցն ընկած հատվածում: Հատկանշական է, որ տնտեսվարողները հիմնականում սեփական ուժերով են ապամոնտաժել գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները, իսկ նրանցից շատերը ներկայացրել են գովազդային անձնագրերին համապատասխան նոր ցուցանակները` համապատասխան կարգով տեղադրման նոր թույլտվություն ստանալու համար: Այժմ արդեն պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից հետո գովազդային անձնագրեր են կազմվում նաև մյուս բոլոր շենքերի համար: Հետևաբար, նոր գործունեություն ծավալող տնտեսվարողները շինություններ ձեռք բերելիս կամ վարձակալելիս տեղեկացված կլինեն, թե ինչպիսին պետք է լինի տվյալ շենքի վրա տեղադրվող գովազդը:

Նմանատիպ նյութեր