2897 դիտում
15:04 31-10-2017
Սփյուռքի նախարարն ընդունել է Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա հայկական վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին և լուսանկարիչ Ռոջեր Գասպարյանին (Roger Kasparian):
Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի դպրոցների հետ գործակցության հարցեր՝ մասնավորապես Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող դպրոցների քույրացման ծրագիրը, որի առաջին քայլերն արված են և այսօր Երևանի թիվ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղի կունենա երկու դպրոցների քույրացում: Այս գործընթացը ամրագրվելու է նաև երկու դպրոցների միջև հուշագրի ստորագրմամբ:
Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց համայնքում դպրոց ունենալը: «Եթե համայնքում դպրոց, եկեղեցի չկա, ձուլումն անխուսափելի է, դրա համար ես խորապես համոզված եմ, որ համայնքի կենտրոնը դպրոցն է»,-ասաց նախարար Հակոբյանը: Նրա խոսքով անգնահատելի է «Դպրոցասեր»-ի ավանդը ֆրանսահայ համայնքի պահպանման գործում: Նա նշեց, նաև, որ նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Փարիզում հայկական կրթական հաստատությունների ավելացման հարցում: Նախարարը Հայկ Սարգսյանին առաջարկեց ուսուցիչների վերապատրաստման ծրագիր իրականացնել:
Ֆրանսիահայ լուսանկարիչ Ռոջեր Գասպարյանը նախարարին նվիրեց իր լուսանկարների ալբոմը, որում տեղ են գտել աշխարհահռչակ արվեստագետներ ու երաժիշտներ, ինչպիսիք են «Բիթլզ» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին, «Փինք ֆլոյդ» խմբի անդամններին և այլն:
Նախարարը իր պատրաստակամությունը հայտնեց 2018թ. աջակցել լուսանկարչի ցուցահանդեսի կազմակերպմանը Երևանում:
«Դպրոցասեր» ամենօրյա վարժարանը հիմնվել է 1879 թ-ին, Կ.Պոլսում` հայ մտավորական կանանց նախաձեռնությամբ և հանրության նյութական օժանդակությամբ` Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերի վարժարանների համար ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 1896 թ-ին փակվել է և վերաբացվել 1908 թ-ին: Մեծ եղեռնից հետո դարձել է որբանոց: 1922 թ-ին տեղափոխվել է նախ Սալոնիկ, ապա` Մարսել: 1927 թ-ից հաստատվել է Փարիզի Ռենսի արվարձանում` արդիական հարմարություններ ունեցող շենքում: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը վարժարանին կից գործել են կարուձևի արհեստանոցներ, մեքենագրության, սղագրության, հիվանդապահության բաժիններ:
1948 թ-ից ֆրանսիական կառավարությունն այն ճանաչել է որպես երկրորդական վարժարան: Դասավանդվում է հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ուսուցումն իրականացվում է արևմտահայերենով: Դպրոցը ունի երգչախումբ և ֆուտբոլային խումբ: Կրթօջախի ուսուցիչները մասնակցել են Հայաստանում կազմակերպված վերապատրաստման ծրագրերի:
Դպրոցում ուսուցանում են շուրջ 270 աշակերտ, դասավանդում են մոտ 20-25 ուսուցիչ:
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
16:40 23-04-2019
Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտներն այցելել են Մայր Աթոռ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»