Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գորիսի բանտում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Գորիսի բանտում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի բանտում Հայաստանի քննչական կոմիտեի և քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական և դատավարական գործողություններ կատարելու ժամանակ մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերի խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների միջև առաջացել են անհարկի դժգոհություններ։
Այն վերածվել է խցերի դռներին և կերակրադռնակներին հարվածելուն, խցերից հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենով չբավարարվելով՝ մի քանի հոգի այրված անկողնային պարագաներ և կենցաղային իրեր են դուրս նետել կերակրադռնակներից և պատուհաններից։
Բողոքավորների գործողությունների հետևանքով կոտրվել են մի քանի խցերի կերակրադռնակներ, իսկ որոշ խցերի փականներ էլ վնասվել են։
Ըստ տեղեկությունների՝ Գորիսի բանտի և քրեակատարողական վարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեկոյան Գորիսի բանտում անկարգությունները կասեցվել են։
Մեր հավաստի տեղեկություններով՝ տուժածներ չկան։
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: