Ռուսաստանն, Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման մասին
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 1-ին Թեհրանում կայացած գագաթնաժողովին պայմանավորվել են նոր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ:
Գագաթնաժողովի արդյունքում Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանրագումարային հայտարարություն են ստորագրել: Նախագահները հայտարարել են նավթագազային ոլորտում համագործակցության ընդլայնման, էլեկտրաէներգիայի փոխանակման և միասնական շուկա ձևավորելու համատեղ պլանների մասին:
Մասնավորապես հայտնի է դարձել, որ Ռուսաստանը պատրաստ է բնական գազ արտահանել Իրան Ադրբեջանի տարածքով: Երեք երկրների պլաններում տրանսպորտի ոլորտում գործընկերության խորացման մտադրություն կա:
Բացի այդ, երեք երկրների նախագահները քննարկել են համագործակցության հեռանկարներ շրջակա միջավայրի պահպանման, Կասպից ծովի էկոլոգիական ոլորտի պահպանման, գիտական հետազոտություններում և նախագծերում համատեղ մասնակցության ուղղությամբ:
Առանձին պետք է նշել եռաչափ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումը «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանին» հետևելու հարցում:
Քաղաքագետ, Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը Սպուտնիկ-Ադրբեջան ռադիոյին տված իր հարցազրույցում ուշադրություն է դարձրել 3 առանցքային հարցի, որոնք համաձայնեցվել են Թեհրանի գագաթնաժողովում.
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծում, կողմերի դիրքորոշումների մերձեցում Կասպից ծովի կարգավիճակի վերջնական սահմանման վերաբերյալ, անվտանգության հարցեր:
Առաջին հարցում կարևոր նշանակություն ունի Իրանից Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղու շինարարությունը: Ընդ որում, Մուսաբեկովի խոսքով՝ Ադրբեջանը ոչ միայն տարանցիկ կողմ է լինելու, այլ շահագրգռված կողմ: Ադրբեջանը պատրաստ է 500մլն եվրո տրամադրել այդ երկաթուղային միջանցքի իր հատվածի արդիականացման համար:
Մուսաբեկովը հավելել է, որ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ երեք կասպիցծովյան երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի դիրքորոշումներն արդեն համաձայնեցված են: Այդ գագաթնաժողովը կարևոր դեր է խաղացել այդ դիրքորոշումն Իրանի դիրքորոշմանը մերձեցնելու հարցում (մնում է միայն չզիջող Թուրքմենստանը):
Թեհրանի գագթնաժողովն այդ ձևաչափում երկրորդ հանդիպումն էր: Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն անցկացվել էր նախորդ տարի Բաքվում: Հաջորդ հանդիպումը պլնավորված է մեկ տարի անց Ռուսաստանի տարածքում:
[url=https://jam-news.net/?p=67693&lang=hy] JAMNEWS[/url]