211652_close_icon
views-count6355 դիտում article-date 19:34 17-11-2017

ՀՀ Նախագահն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային: Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով հայ և բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության և մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ Նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարևորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը: Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2016թ. օգոստոսին Բրազիլիա կատարած իր այցը և արդյունավետ, բովանդակալից հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող Բրազիլիայի հետ: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Բրազիլիայի փոխադարձ աջակցությունը: Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են: Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը: Բրազիլիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել բրազիլահայ մեծաթիվ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում մեծ հարգանք են վայելում և, լինելով Բրազիլիայի քաղաքացիներ, միաժամանակ սերտորեն կապված են իրենց արմատներին ու շատ հայրենասեր մարդիկ են, ովքեր զգալիորեն նպաստում են հայ-բրազիլական կապերի ամրապնդմանը: Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան հույս է հայտնել, որ իր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու մինչ այժմ բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման, ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչման գործին, կուրվագծի նաև փոխգործակցության նոր հորիզոններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր