211652_close_icon
views-count6285 դիտում article-date 19:33 30-11-2017

Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության կարգը կհստակեցվի ու կպարզեցվի

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի հստակեցման խնդրիներին: «Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես՝ մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում, կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը։ Այդ իսկ պատճառով հատկապես կարևոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։ Ներկայումս Առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որոնց միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ գործող՝ ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն և դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումը առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն։ Կարգով սահմանված չեն նաև, հավաստագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ»,- նշել է կառավարության ղեկավարը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և առաջարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին և Առևտրաարդյունաբերական պալատին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ անդրադառնալով հայեցողական լիազորությունների, համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին։

Նմանատիպ նյութեր