24884 դիտում
18:26 22-12-2017
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, նրանց սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը:
Սիրիահայերը չափազանց տպավորված էին Ռիտա Սարգսյանի այցելությունից:
Սփյուռքի նախարարը նշեց, որ հայրենիքում հաստատվելուց հետո սա սիրիահայերի 21-րդ ցուցահանդես-տոնավաճառն է: «2017 թվականի ընթացքում մենք ունեցանք «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական չորս ցուցահանդես-տոնավաճառ: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները Հայաստանում իրենց ապահով և հանգիստ են զգում, շարունակում են ստեղծագործել: Նրանք անգերազանցելի են ասեղնագործության, արծաթագործության, հրուշակագործության բնագավառներում: Սիրիահայերի կողմից պատրաստված յուրաքանչյուր արտադրանք ճաշակով է, օգտակար ու համեղ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին Սփյուռքի նախարարության 2017 թվական ձեռքբերումների և գալիք տարվա խոշոր ձեռնարկների մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ձեռքբերումները, նշեց, որ համաժողովից հետո լայն քննարկումներ ծավալվեցին Սփյուռքի տարբեր համայնքներում՝ Լիբանանում, Ֆրիանիսայում, ԱՄՆ-ում:
«Նախարարության համար նշանակալի իրադարձություն էր Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրումը: Չեմ կարող չառանձնացնել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը Երևանում և Սփյուռքի տարբեր համայնքներում: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը:
Ուրախալի էր հատկապես, որ այս տարի «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացին մասնակցեցին ավելի մեծ թվով երիտասարդներ: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը մասնակցություն ունեցան հազարավոր սփյուռքահայեր, հիմա նախարարությունը կյանքի է կոչում սահմանապահ գյուղերին աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մի քանի գյուղի համար գտնվել են բարերարներ»,-նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա անդրադարձավ նախարարության կողմից կազմակերպված մի շարք համաժողովներին և միջոցառումներին, ընդգծեց, որ բոլոր ծրագրերը հաջող են անցել: Ներկայացնելով 2018 թվականի անելիքները՝ նախարարը կարևորեց հայրենադարձության ռազմավարության և ծրագրի մշակումը, հայրենադարձության մասին օրենքի լրամշակումը, Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների անցկացումը համահայկական ընդգրկմամբ, լրագրողների, ճարտարապետների ու ճարտարագետների, երիտասարդների համահայկական համաժողովների կազմակերպումը:
Ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11.00- 18.00-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
5806 դիտում
17:28 19-09-2016
«Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
3209 դիտում
16:55 15-10-2018
Նիկոլ Փաշինյանը կայցելի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
3616 դիտում
14:43 08-12-2016
Երևանում մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը» Երևանում բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
325 դիտում
18:43 01-11-2024
Տաջիկստանի գործընկերների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
565 դիտում
18:31 01-11-2024
Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա
550 դիտում
18:19 01-11-2024
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը