211652_close_icon
views-count25555 դիտում article-date 11:26 26-12-2017

Պալկովնիկը գիտեր քաջալերել երիտասարդներին, գիտեր ճիշտ մարտավարություն մշակել. Զորավար Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրունզե Ավագյանի մահվան կապակցությամբ։ Նրանում ասվում է. «Սրտի կսկիծով տեղեկացանք Ֆրունզե Ավագյանի՝ մեր սիրելի Պալկովնիկի, մահվան մասին։ Վշտի մեջ է երկրապահական եռասերունդ ընտանիքը՝ ազատամարտիկ երկրապահները, պատանի, երիտասարդ երկրապահներն, ամենքս։ Պալկովնիկը հերոսական մարտական ուղի է անցել։ Շարժման առաջին օրվանից նա կամավորական ջոկատների հետ էր, առաջին գումարտակն Արցախում ինքն է ստեղծել: Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին նա եղել է լեգենդար 5-րդ բրիգադի շտաբի պետը։ Պատերազմի օրերին շատ ենք դժվարին իրավիճակներում համատեղ օպերացիաներ մշակել։ Նա իր գործի քաջ գիտակ էր, հայրենիքի նվիրյալ, անձնազոհաբար նվիրված էր հայրենիքին, ազգին, պետությանը, արի էր, խիզախ։ Պալկովնիկը գիտեր քաջալերել երիտասարդներին, գիտեր ճիշտ մարտավարություն մշակել եւ ճշգրտորեն օգտագործել մարդկային ու տեխնիկական ռեսուրսները։ 1994-ի հրադադարի կնքումից հետո էլ Ֆրունզե Ավագյանը պիտանի եղավ բանակաշինության ծանր գործում։ Նա ստեղծեց ենթասպաների դպրոց, ինքն էլ այնտեղ դասավանդում էր: Ավելի ուշ նա Երկրապահում իր փորձն էր փոխանցում պատանի, երիտասարդ երկրապահներին։ Նոր սերնդի համար հայրենասիրության կենդանի դասեր էին Պալկովնիկի հետ շփումները։ Դեռ մի քանի շաբաթ առաջ միասին տոնեցինք 5-րդ բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձը. Պալկովնիկը դարձյալ տարերքի մեջ էր, դարձյալ կազմակերպում էր, առաջնորդում։ Ֆրունզե Ավագյանի հարազատներ, բարեկամներ, մտերիմներ, ընկերներ, 5-րդցիներ, ազատամարտիկներ, ընդունեք Հանրապետության բոլոր երկրապահների վշտակցությունը։ Վստահ եղեք՝ Պալկովնիկի ծառայությունները հայրենիքի առաջ այնքան խորն ու անմնացորդ են, նրա ապրած կյանքն այնքան աստվածահաճո է, որ նրա հոգին հաստատապես հանգրվանելու է Դրախտում։ Ննջի՛ր խաղաղությամբ իմ սիրելի մարտական ընկեր, եւ թող հողը քեզ վրա թեթեւ լինի»։

Նմանատիպ նյութեր