4626 դիտում
14:08 26-12-2017
Հոգեթով երաժշտություն, կրքոտ կատարում, անդադար ծափահարություններ. կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը
Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգը (հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անվանափոխվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի)։
Նվագախմբի հետ ունկնդրին արգենտինյան տանգոյի և իտալական երաժշտության երեկո պարգևեց իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Համերգը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը։
Մինչ համերգի մեկնարկը տեղի ունեցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ճեպազրույցը։ Մաեստրո Սմբատյանը նշեց, որ կոլեկտիվը շատ ոգևորված է, որ իրենց քրտնաջան և կարևոր աշխատանքի արդյունքում նվագախմբին շնորհվեց սիմֆոնիկ անվանումը, ինչը պարտավորեցնում է, ոգևորում։ Դիրիժորը նկատեց, որ այս գնահատանքը կօգնի, որպեսզի ապագայում գրանցեն նոր հաղթանակներ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Ըստ մաեստրոյի` նվագախումբն ունի հստակ տեսլական, թե որտեղ է լինելու 5 տարի, 10 տարի հետո։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ անցած տարիների ձեռքբերումները գրանցվել են նաև գործընկերների շնորհիվ։ «Դասական երաժշտությունը մշտապես աջակցության կարիք ունի։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, քաջ գիտակցելով բարձրարժեք արվեստի նշանակությունը հասարակության կյանքում, նրա դաստիարակչական դերը, անգնահատելի ներդրում է ունենում մշակույթի պահպանման և զարգացման գործում։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհակալ աշխատանքը բարձր է գնահատվում ինչպես մասնագետների, երաժիշտների, այնպես էլ արվեստասեր հանրության կողմից»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, շնորհավորելով Սերգեյ Սմբատյանին և նվագախմբին նոր կարգավիճակի առթիվ, նշեց, որ կոլեկտիվն արժանի է այդ փոփոխության, ինչին հասել են երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ «Ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում ձեզ փնտրում են և սպասում։ Դուք ձեր նվագով կարողացաք գրավել արտասահմանյան ունկնդրին, որը հետաքրքրությամբ հետևում է ձեզ, ինչպես մեր երկրում՝ հայ երկրպագուները։ Այն նպատակները, որ ձեր առջև դրել եք, հեշտ չեն իրականանալու, դրանք դժվարին աշխատանք են ենթադրում, մարտահրավերներով լի։ Բայց ես ավելի քան համոզված եմ, որ կկարողանաք այդ բոլորը հաղթահարել և մեր երկրի անունը բարձր պահել։ Դուք կկարողանաք բոլորին ապացուցել, որ ավելին կարող եք, քան այն նվագախումբը, որին մենք ճանաչել ենք։ Դուք ինչ անում եք, ուղղված է միմիայն Հայաստան երկրի անունը բարձրացնելուն»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Իսկ երկու մասից բաղկացած երեկոն հոգեթով էր՝ լի բանդոնեոնի և ակորդեոնի զգացմունքային, հուզող ելևէջներով։ Նվագախումբն ու Պիետրոդարկին կատարեցին Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակները»: Նվագախումբը բանդոնեոնահարի և մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանի հետ կատարեց իտալացի կոմպոզիտոր Տոմազո Զիլիանիի «Mille Miglia»-ն, որը ինքնապիպ մի ճանապարհորդություն է հիշեցնում Իտալիայի տեսարժան վայրերով: Ի դեպ, Տոմազո Զիլիանին նույնպես Հայաստանում է և ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից։ Ներկայացվեց նաև Ռոբերտո դի Մարինոյի Կոնցերտը բանդոնեոնի և նվագախմբի համար, որը գրվել է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համար: Եվ դարձյալ՝ Պիացոլա։
Պիետրոդարկին խոստովանում է, որ ամեն անգամ հաճույքով է գալիս Հայաստան և հանդիպում իրեն հարազատ հայ հանդիսատեսի հետ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմից նա իր շնորհակալությունը հայտնեց հայ ունկնդրին՝ ջերմ ընդունելության համար։ Երաժիշտն իր հարգանքն ու հիացմունքը հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանին։
Լեփ-լեցուն դահլիճը անդադար ծափահարություններով չէր թողնում երաժիշտներին հեռանալ բեմից, իսկ Պիետրոդարկին և նվագախումբը սիրով պարգևում էին հանդիստեսին իրենց կրքոտ կատարումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2856 դիտում
18:16 13-07-2019
«Հետևիր արևին, արի Երևան». կայացավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
508 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
442 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ