211652_close_icon
views-count4366 դիտում article-date 09:04 29-12-2017

Թրամփը ստիպված է լինելու ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի հանդեպ. «Ամերիկայի ձայն»

Անցնող տարին առանձնահատուկ էր ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա զարգացումներով, որոնք իրենց ազդեցությունը թողեցին ԱՄՆ-ի ներքին քաղաքական կյանքում: Գրում է «Ամերիկայի ձայնը»: Հունվարին, նախքան նախագահ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումը, ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրենի գրասենյակը հրապարակել էր ամերիկյան հատուկ ծառայությունների բացահայտումներն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է ապահովել Թրամփի հաղթանակը՝ դեմոկրատների թեկնածու Քլինթոնի դեմ հակաքարոզչության միջոցով: Այս բացահայտումների արդյունքում Կոնգրեսը նախաձեռնեց հետաքննություն: Մարտ ամսին Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին հաստատեց, որ իր գերատեսչությունը ևս անցկացնում է սեփական հետաքննություն։ Շուտով Քոմին հեռացվեց պաշտոնից, իսկ հատուկ հետաքննությունը գլխավորեց Ռոբերտ Մյուլլերը։ Նախագահ Թրամփը, ով կտրականապես հերքում է մեղադրանքները, շարունակում է ընդգծել Կրեմլի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Զուգահեռ, նախագահ Թրամփը հաստատեց Ուկրաինային մահաբեր զենքերի վաճառքի գործարքն ու Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենքը: Նրա ազգային անվտանգության ռազմավարության մեջ Ռուսաստանը դիտարկվել է որպես վտանգավոր մրցակից, որը ցանկանում է թուլացնել ԱՄՆ-ի գլոբալ ազդեցությունը: Վերլուծաբանների կարծիքով, նախագահ Թրամփը ստիպված է լինելու ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի հանդեպ, քանի որ իր գործողությունները հաճախ սկսել են դիտարկվել ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Բոլոր կանխատեսումներով Թրամփի նախագահության երկրորդ տարին ևս հագեցված է լինելու ռուսական օրակարգով՝ հաշվի առնելով Մյուլլերի հետաքննության ընթացքը, Թրամփի թիմի հակազդումը մեղադրանքներին և նախագահ Թրամփի բարդ հարաբերությունները Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հետ:

Նմանատիպ նյութեր