6952 դիտում
10:07 10-01-2018
Քաղաքապետարանը բարձրացրել է Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների վարձավճարները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երեխաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չունի: Պարզվում է, որ այսուհետև ավելի շատ են վճարելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները:
Քաղաքապետարանից առիթի դեպքում ընդգծում են, որ տեղի ունեցածը ոչ թե վարձավճարի բարձրացում է, այլ փոփոխություն, այսինքն՝ մի դեպքում դրա չափն ավելացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախկինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հարցումների ընթացքում էլ վարձավճարի նվազման մասին խոսք չկար: «Վարձավճարները թանկացել են, և այդ մասին մենք իմացել ենք երեկ չէ առաջին օրը: Անձամբ ես այդ ժամանակ եմ իմացել: Նախապես ուղղակի անձնագրի պատճեններն էին պահանջել, որ ծնողը հաշվառված է Երևանում: Այդ ժամանակ ասացին, որ դա քաղաքապետարանից են ուզել, որպեսզի եթե ծնողը այստեղ է հաշվառված, վարձավճարը չթանկանա: Երեկ չէ առաջին օրը ուսուցչի հետ խոսեցի, ասաց, որ թանկացել է: Դա դեռ քիչ է, պետք է երկու ամսվանը նախօրոք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա աղջիկները հաճախում են Երևանի արվեստի դպրոցներից մեկը: Սովորում են դաշնամուրի և ջութակի բաժիններում: Հռիփսիմե Ավագյանը նաև հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նախորդ ամիս: «Եթե ես երկու երեխայի համար յուրաքանչուր ամիս վճարում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումարած դրան, եթե երկու ամսվանը հիմա նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կարծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էական չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապետարանը բարձրացրել վարձավճարի չափը: Նա նաև զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաև արդեն իսկ սովորողներին:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարները նախկինում եղել են 3.000-12.000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երևանի հաշվառում ունեցող ծնողների երեխաների համար այդ վարձավճարը կազմում է 8.000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում 8.000-17.500:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հետապնդվել և եկամուտների ավելացում չի նախատեսվում: Ընդհակառակը, ըստ նրա, այս ոլորտում ծախսերն ավելանալու են 200 միլիոն դրամի չավով, որովհետև ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տարվանից սկսած, Նիկոյանը պատասխանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետևյալ հիմնավորումները: «Նախ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, որի համաձայն երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդպես չեն եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
18:40 02-02-2016
Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով
1880 դիտում
16:46 11-07-2016
Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մեկ բեմում
Այս բաժնից
1270 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1018 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»