211652_close_icon
views-count4980 դիտում article-date 10:19 11-01-2018

Գրիպի դեմ պատվաստումը նաև պաշտպանում է պատվաստվողի շրջապատի մարդկանց. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների բռնկում կա ու հատկապես երեխաների շրջանում: Բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Ընդունարաններում մեծ հերթեր են գոյանում: Երեխաներին աշխատում են հոսպիտալացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ եթե վիճակը թույլ է տալիս, բուժումը կազմակերպել տան պայմաններում: Եվ այս ֆոնի վրա ծնողների շրջանում հարց է առաջանում, թե արդյո՞ք երեխաները պաշտպանված կլինեին, եթե նրանք պատվաստված լինեին գրիպի դեմ (խոսքն, իհարկե, չի վերաբերում նրանց, որոնք պատվաստումներին դեմ են սկզբունքորեն ու առհասարակ): Այս և ծնողներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: [b]– Տիկին Սահակյան, ծնողների շրջանում հետաքրքրություն կա, թե եթե երեխաները պատվաստված լինեին գրիպի դեմ, արդյո՞ք այս իրավիճակը չէր ստեղծվի: Կամ եթե իրենք էլ պատվաստվեն, որքանով պաշտպանված կլինեն ու որքանով է դա անվտանգ:[/b] – Սեզոնի ընթացքում շրջանառում են ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ սուր շնչառական վիրուսները: Պատվաստումներն իրականացվում են սեզոնային գրիպի դեմ, հետևաբար՝ պաշտպանողական մեխանիզմները զարգանում են միայն սեզոնային գրիպի նկատմամբ, իսկ սուր շնչառական վիրուսների նկատմամբ երեխան կմնա անպաշտպան: Սովորաբար ծնողների մոտ կա այն թյուր կարծիքը, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստվելով, այն կարող է պաշտպանել նաև բոլոր վիրուսներից: Ինչ վերաբերում է սեզոնային գրիպին, ապա եթե առողջ մարդը շփվում է վարակի աղբյուրի հետ, ապա նա կվարակվի, եթե նրա արյան մեջ բացակայում են հակամարմիններ կոնկրետ տվյալ վիրուսների նկատմամբ: Եթե կրծքով սնուցվող երեխան վարակվում է արդեն իսկ հիվանդությունը կրող մորից, ապա շատ հնարավոր է, որ նա չհիվանդանա, քանի որ կաթի միջոցով ստանում է հակամարմիններ: Եթե վարակի աղբյուրն այլ է, հիվանդությունից խուսափել երեխան կարող է երկու դեպքում. եթե արդեն հիվանդացել է այդ վիրուսով, ու նրա օրգանիզմում ձևավորվել է իմունիտետ, կամ եթե ստացել է համապատասխան պատվաստում: Գրիպի դեմ պատվաստումը նույնիսկ գրիպով վարակվելու դեպքում մեղմացնում է հիվանդության ընթացքը: Գրիպի դեմ պատվաստումը նաև պաշտպանում է պատվաստվողի շրջապատի մարդկանց, այդ թվում՝ նրանց, ովքեր ավելի խոցելի են, ինչպիսիք են օրինակ նորածինները և երեխաները, մեծահասակները և որևէ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: [b]– Գրիպի դեմ պատվաստանյութի նկատմամբ որոշակի անվստահություն կա՝ կապված այն հանգամանքի հետ, որ այդ վիրուսն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում, հետևաբար՝ անհասկանալի է, թե պատվաստանյութն ինչպես կարող է ազդել անընդհատ ուրիշ դարձող վիրուսի վրա:[/b] – Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի կանխարգելման նպատակով օգտագործվում են ԱՀԿ-ի նախաորակավորում ունեցող (հյուսիսային կիսագնդի համար) և տվյալ սեզոնի համար Եվրամիության որոշմանը համապատասխանող պատվաստանյութերը: Գրիպի դեմ պատվաստանյութը պաշտպանում է տվյալ սեզոնին շրջանառող գրիպի բոլոր տեսակներից, որոնք սահմանվել են ԱՀԿ-ի կողմից և օգտագործվել են արտադրողների կողմից պատվաստանյութի ստեղծման գործընթացում: Պատվաստանյութը պաշտպանում է ոչ թե բոլոր վիրուսներից, այլ միայն գրիպից: [b]– Որքա՞ն արժե գրիպի դեմ պատվաստումը ոչ թիրախային խմբերի համար:[/b] – Հայաստանի Հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով՝ պետական պատվերի շրջանակներում: [b]– Տիկին Սահակյան, ի՞նչ պարբերականությամբ է պետք պատվաստում ստանալ:[/b] – Յուրաքանչյուր սեզոնից առաջ անհրաժեշտ է պատվաստվել 1 դեղաչափ տվյալ սեզոնի համար նախատեսված պատվաստանյութով, իսկ մինչև 9 տարեկան այն երեխաները, ովքեր պատվաստում չեն ստացել կամ գրիպով չեն հիվանդացել պետք է ստանան 2 դեղաչափ` առնվազն 4 շաբաթ ընդմիջումով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր