211652_close_icon
views-count5142 դիտում article-date 22:44 15-01-2018

Գագիկ Սարգսյան. Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով

«Շատ հաճելի և կարևոր է, որ մեր մարզիկներն անհրաժեշտ վարկանիշային միավորները վաստակում են մրցելով Հայաստանում»,- ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Դահուկավազքի ազգային առաջնությունից հետո Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց արդյունքները. «Մեզ ուրախացրին Աշոցքի դահուկորդները, որոնք հաջող հանդես եկան: Երիտասարդ մարզիկները սկսել են աճ գրանցել: Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանն ունեն 100-ից ցածր միավոր (խմբ. դահուկային սպորտում նվազող համակարգ է): Վարկանիշային վերջին աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-ին: Միջազգային ֆեդերացիան՝ ՄՕԿ-ի հետ համատեղ ուղարկելու է երկրների քվոտաները: Մեր ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ և արդյունքները հաստատման կուղարկի ՀԱՕԿ: Ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ և չկարողացավ պահպանել դիրքը լավագույն 300 մարզիկների շարքում: Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով, նա Միքայել Միքայելյանն է: Մեզ համար առաջինը մեր մարզիկների առողջությունն է: Դահուկավազքում ակնկալում ենք մեկ տղայի և մեկ աղջկա մասնակցություն: Աղջկա ընտրության հարցում հաշվի ենք առնելու գրանցած լավագույն վարկանիշային միավորը և Հայաստանի առաջնության արդյունքները»,- ասաց Գագիկ Սարգսյանը: Այս տարի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել են մարզիկներ նաև Իրանից Չիլիից, Մեքսիկայից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նրանք շատ գոհ են հեռանում մեր երկրից. «Արտասահմանցի դահուկավազորդները հնարավորությունը բաց չթողեցին վարկանիշային միավորները բարելավելու համար: Նրանք նշեցին, որ պայմաններից շատ գոհ են: Ցանկություն հայտնեցին Հայաստանում կրկին մասնակցելու մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների: Ժամանակին մենք էինք մտածում ուրիշների օգնությանը դիմելու մասին, այսօր արդեն մեզ հետ են ցանկանում մարզվել: Սա խոսում է մեր մեծ առաջընթացի մասին: Շատ զարգացած պետություններ դիմում են մեզ նաև մարզումներ կազմակերպելու համար: Հաջորդ մեծ ձեռքբերումն Աշոցքն է: Այն մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերում է: Փորձելու ենք Աշոցքը դարձնել մրցումային և մարզումային կենտրոն»,- նշեց Գագիկ Սարգսյանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ հայ լեռնադահուկորդները մեկնել են Իրան՝ վերջին վարկանիշային միավորները վաստակելու: Սարգսյանը հույս հայտնեց, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գոնե մեկ լեռնադահուկորդ կունենանք:

Նմանատիպ նյութեր