211652_close_icon
views-count15174 դիտում article-date 14:24 20-01-2018

150 ուղևորով 18 մետրանոց ավտոբուսներ, կանգառների ավելացում, էլեկտրոնային տոմսեր, «մարշուտկաների» վերացում. տրանսպորտային ցանցի «հեղափոխական» առաջարկը

Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը հեղափոխական փոփոխություններ է առաջարկում. մասնավորապես, կրճատվում են տրանսպորտների միավորների քանակը, հանվում են միկրոավտոբուսները, ներդրվում է տոմսային միասնական համակարգ: Ստորև կներկայացնենք, թե մասնավորապես, ինչ կոնկրետ փոփոխություններ է ենթադրում տրանսպորտի նոր ցանցը: Նախ, նոր տրանսպորտային ցանցը բացառում է կրկնվող երթուղիները և շուրջ 3 անգամ կրճատում է տրանսպորտի միավորների քանակը, ինչը թույլ է տալու զգալիորեն բեռնաթափել ծանրաբեռնվածությունը Երևանում, տրանսպորտը հասանելի է լինելու քաղաքի բոլոր հատվածներում: Ցանցը նախագծվել է միայն Երևանի համար և չի ներառում Երևանի շրջակայքում գտնվող գյուղերը և ավանները, քանի որ դա կարող է հանգեցնել ծախսերի ավելացման և ազդեցություն ունենալ սակագնի վրա: Նախատեսվում է, որ ներկայիս 115 երթուղու փոխարեն գործելու է 42-ը: Այդ 42 երթուղուց 11-ը լինելու է հիմնական, 30-ը՝ սնուցող, իսկ մեկը՝ դեպի օդանավակայան արագընթաց երթուղի։ Հատկանշական է, որ տրանսպորտային միավորների քանակը կրճատվելու է շուրջ 2 անգամ. եթե այսօր շահագործվում է 2039 տրանսպորտային միջոց, ապա նոր ցանցում այդ թիվը հասնելու է 939-ի, որի մեջ մտնում են նաև ռեզերվային ավտոբուսները: Այսինքն, շահագործման մեջ լինելու է 833 ավտոբուս: Նոր ցանցում լինելու են միայն միջին ու մեծ տարողության ավտոբուսներ: Ներկայիս ցանցի երկարությունը կազմում է 4076 կմ, առաջարկվում է այն կրճատել 4 անգամ և սահմանել 1107 կմ: Դեռևս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչև կեսգիշեր՝ 24:00-ն: Տրանսպորտի աշխատանքի հաճախականության առումով նախատեսվում է հետևյալը՝ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաև 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Պիկ ժամերին (08.00-19.00) տրանսպորտային միջոցները կանգառին կմոտենան 5 րոպե պարբերականությամբ: Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181, ինչը լրացուցիչ հարմարավետություն ապահովելու համար է: Դա չի անդրադառնալու երթևեկության տևողության վրա, այն միջինը կկազմի 55 րոպե: Գործող ցանցով ուղևորների 94 տոկոսը երթևեկում է առանց տեղփոխի, այսինքն՝ Ա կետից Բ կետ հասնելու համար տրանսպորտ չի փոխում: Երթուղային նոր ցանցի դեպքում, երթևեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի 2 տրանսպորտով: Երթևեկողների 10 տոկոսը երեք տրանսպորտ կփոխի, իսկ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղևորների 3 տոկոսը: Մնացած 49 տոկոսը շարունակելու է երթևեկել առանց տեղփոխի: Նոր ցանցի 11 հիմնական երթուղիները սպասարկելու են գլխավորապես մեծ տեղատարողություն ունեցող ավտոբուսներ, հիմնական երթուղիները սնուցող 30 օժանդակ գծերը սպասարկվելու են միջին չափսի ավտոբուսներով, և գործելու են տրոլեյբուսային 5 երթուղիներ: Իսկ 42-րդ երթուղին դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճեպընթացն է: Տրոլեյբուսների մի մասը կվերազինվի և կվերականգնվի, մնացածի փոխարեն ձեռք կբերվեն նորերը: Տրոլեյբուսների շարժակազմի քանակը կլինի 111 միավոր: 11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով, որոնց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը 150 ուղևոր: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղևոր: Նոր երթուղային ցանցի նախագծով առաջարկվում է ներդնել ուղևորատոմսի էլեկտրոնային միասնական համակարգ, ինչպես նաև էլեկտրոնային չվացուցակի հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային և վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն՝ ժամանակից տեխնիկական միջոցներով: Երթուղային նոր ցանցի նախագիծը մասնագիտական աշխատանքային խմբում քննարկումից հետո դրվել է հանրային քննարկման, որից հետո կսպասեն առաջարկների՝ ցանցը նախագծող խորհրդատուին ներկայացնելու համար։

Նմանատիպ նյութեր