2037 դիտում
21:08 01-02-2018
«Առաջիկա տարիներին պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը». Տարոն Մարգարյան
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, այնուհետև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Հովհաննես Վարդանյանն առանձնացրել է համայնքային ենթակայության կառուցների նորոգման, բնակելի ֆոնդի պահպանման, սոցիալական աջակցության, բակերի ու այգիների բարեկարգման, կանաչապատման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ 2017թ. Արաբկիրը համալրվել է հանգստի 5 նոր գոտիներով, որոնք առավել հարմարավետ ու գրավիչ միջավայր են ապահովել վարչական շրջանում:
Սոցիալական, մշակութային և մարզական ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների և այլ երկրների գործընկեր քաղաքների հետ:
2017թ. ձեռքբերումներից Հովհաննես Վարդանյանն առանձնացրել է զբոսաշրջության զարգացման գործում վարչական շրջանում տարված աշխատանքները: Մասնավորապես շեշտադրվել է մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ նախորդ տարի Արաբկիրում մեկնարկած տարածաշրջանում ամենաերկար զիփլայնի շինարարության ծրագիրը: 2017-ին Արաբկիրում բացվել են նաև սպասարկման մի շարք կենտրոններ, այդ թվում՝ առևտրային և ժամանցի, ինչպես նաև շահագործման են հանձնվել բնակելի նոր համալիրներ, որոնք զգալիորեն նպաստել են վարչական շրջանի տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու լրացուցիչ ծառայությունների մատուցմանը:
Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը նշել է, որ զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքներից բացի ակտիվ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջության, մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման ու համապատասխան ծրագրերի իրականացման շուրջ: Հենց այս համատեքստում այս տարի շահագործման կհանձնվի զիփլայնը, կբարեկարգվի հարակից զբոսայգին, կներդրվեն զբոսաշրջային նոր հետաքրքրություններ, ինչը նոր էջ կբացի վարչական շրջանի կյանքում: Նշվել է, որ 2018-ին կօծվի նաև Արաբկիրի եկեղեցին:
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է իր հետևողական աշխատանքով բարելավելու նախորդ տարվա ցուցանիշները՝ արձանագրելով նոր ձեքբերումներ: Առաջնորդվելով մայրաքաղաքի զարգացման ընդհանուր ծրագրով և Ձեր կողմից նախանշած առաջնահերթություններով՝ վստահեցնում եմ, որ վարչական շրջանը կգրանցի նոր արդյունքներ», - նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Արաբկիր վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման նպատակով ենթակառուցվածքների ստեղծմանն ու ներդրումային դաշտի աշխուժացմանը:
«Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Առաջիկա տարիներին պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը, հատկապես դրա ապակենտրոնացմանը, բացահայտենք Երևանն առաջինը մեր համաքաղաքացիների համար: Անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր ուղղություններ ու մոտեցումներ, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ: Այսինքն՝ Երևանի վարչական շրջաններում զբոսաշրջային նոր ենթակառուցվածքների ստեղծում, ներդրումային փաթեթների խթանում: Այդ տեսանկյունից Արաբկիրն ունի բոլոր հնարավորությունները, և բարեկարգվող այգին, որն ունի նոր ենթակառուցվածքներ, նոր շունչ կտա քաղաքային զբոսաշրջությանը: Կարևոր են նաև մասնավոր հատվածի հետ ակտիվ համագործակցությունն ու ներդրողների համար համարավետ միջավայրի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքացիների սպասարկմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման ոլորտի բարելավումն ու մատուցվող ծառայությունների որակը՝ ներառելով ժամանակակից տեխնոլոգիաները:
«Այսօր Երևանի քաղաքապետարանի կայքում գործում են մի շարք էլեկտրոնային ծառայություններ, որոնք, անշուշտ, հնարավորին մատչելի և հասանելի են դարձրել քաղաքացիների սպասարկումը, և նախկինի պես այլևս հարկավոր չէ հասնել Երևանի քաղաքապետարան կամ վարչական շրջանի աշխատակազմ: Հետևաբար, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող, հանդես գալ նոր առաջարկներով՝ ի նպաստ մեր քաղաքացիների և քաղաքի», - հատկանշել է Երևանի քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող ծրագրային քաղաքականությանը զուգահեռ, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահել վարչական շրջանում քաղաքային նշանակության ծրագրերում մասնավոր հատվածի ներգրավման և ներդրումների խթանման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
953 դիտում
16:52 21-11-2016
Տարոն Մարգարյան. Պետք է ստեղծել մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ
710 դիտում
16:33 27-02-2017
Տարոն Մարգարյան. «Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացնենք»
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին