211652_close_icon
views-count7977 դիտում article-date 23:10 05-02-2018

Առաջին դասարանցիների պայուսակների ծանրությունը վտանգում է երեխաների առողջությունը

Հայաստանում մտահոգված են դպրոցական հասակի երեխաների ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության հարցով: Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են նոր պահանջներ դպրոցներին: Դրանցից մեկը վերաբերում է պայուսակների քաշին: Այս կապակցությամբ ահազանգեր են եղել աշակերտների ծնողների կողմից, մասնագետներն էլ վկայել են, որ պայուսակների ծանրությունը վտանգում է երեխաների առողջությունը, վնասում ողնաշարի կառուցվածքը: Նախարարի հրամանով, դպրոց բերվող դասագրքերի և գրենական պիտույքների ընդհանուր քաշը այսուհետ պետք է տարբեր լինի տարբեր տարիքի աշակերտների համար. • 1-ին, 2-րդ դասարաններում սովորողների պայուսակի քաշը չպետք է գերազանցի 1,5 կգ, • 3-րդ, 4-րդ դասարաններինը՝ 2 կգ, • 5-6-րդ դասարաններինը՝ 2,5 կգ, • 7-8-րդ դասարանցիներինը՝ 3,5 կգ, • 9-12-րդ դասարաններինը՝ 4 կգ: Ազգային ժողովի գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արման Սաղաթելյանն այս հարցը բարձրացրել էր խորհդարանում անցած տարվա նոյեմբերին: Նա առողջապահության նախարարին ասել էր, որ կշռել է իր և իր ընկերների երեխաների պայուսակները և պարզել, որ 12 տարեկան երեխայի պայուսակը 5200 գրամ է կշռում՝ դեռ առանց հավելյալ պարագաների և սպորտային համազգեստի: Առողջապահության նախարարի հրամանի հրապարակումից հետո պատգաավորը հույս է հայտնել, որ հանրությունը ուշադիր կլինի դրա իրականացման հարցում, նախարարությունն էլ հետևողական կլինի և կկիրառի իր լծակները որոշման իրականացումը վերահսկելու համար: Ամեն տարիքային խմբի համար սահմանված կիլոգրամները պատահական չեն, դրանք հիմնվում են որոշակի միջազգային նորմերի վրա: Նախարարի հրամանով փոխվել են նաև դասամիջոցների տևողությունն ու կատարվել է դասաժամերի ընթացքում ուսումնական ծանրաբեռնվածության բաշխում տարբեր դասարանների երեխաների համար: Ելնելով դրանից, թե որն է տարբեր տարիքի երեխաներ համար առավել բարձ աշխատունակության ժամերը, որոշվել է ընկալման առավել բարդ առարկաները • 1-ին դասարանում սովորող երեխաների համար տեղափոխել 2-րդ դասաժամին, • 2-4-րդ դասարանի համար՝ 2-3-րդ դասաժամերին, • 5-12-րդ դասարանների համար՝ 2-4-րդ դասաժամերին: Առաջին դասարանցիները նաև ազատվում են տնային աշխատանք կատարելու պարտադրանքից:

Նմանատիպ նյութեր