211652_close_icon

Ընթերակայի ներկայությունն այնքան էլ իրական երաշխիք չէ, նրա վրա ներգործելը հեշտ է. ՔԿ նախագահի տեղակալ

views-count3690 դիտում article-date 15:59 07-02-2018
Պետության կողմից ընթերակայի վրա ներգործելու առումով դաշտն ավելի մեծ է, քան եթե փորձենք դա փոխարինել տեսաձայնագրություններով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի դիտարկմանը, որ ընթերակաները հաստատում էին տեղի ունեցած գործողության փաստը, արդյոք մասնագետի ներկայությունը կամ տեսաձայնագրումը կարող է փոխարինել ընթերակային, Ղամբարյանը պատասխանեց. «Պատկերացրեք բնականարում կատարել ենք խուզարկություն և հայտնաբերել թմրանյութ, որին ներկա են եղել ընթերականեր: Դատարանում բնակարանի սեփականատերը հայտարարում է, որ իմ բնակարանում դա չի եղել, ոստիկաններն ապօրինի գործողություն են արել: Այդ ժամանակ դատարան ենք հրավիրում երկու ընթերականերին և հարցնում, թե արդյո՞ք տեսել են, որ թմրանյութը գտել են այդ բնակարանում: Մեր պրակտիկայում ընթերակաները որպես կանոն պնդում են և ասում՝ այո, մենք տեսել ենք, թե ինչպես եք դա հանել բնակարանից: Սա, կարծում եմ, այնքան էլ իրական երաշխիք չէ, որովհետև պետության կողմից ներգործել ընթերակայի վրա, դաշտն ավելի մեծ է, քան եթե դա փորձենք փոխարինել օբյեկտիվ քննչական մեխանիզմներով քննչական գործողության ընթացքը ամրագրելը: Եթե մենք տեսաձայնագրում ենք, դա ավելի լավ երաշխիք է»: Ա. Ղամբարյանի խոսքով, եթե բնակարանի խուզարկությանը մասնակցում է բնակարանի սեփականատերը, նաև նրա պաշտպանը կամ փաստաբանը, և առարկություն չեն ներկայացնում, ապա տեսաձայնագրումը լրիվ երաշխիք է, որ նույնիսկ մեր ոչ այդքան անաչառ դատարանները կարողանան ապացույցների թույլատրելիության վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված փոփոխություններով առաջարկվում է կրճատել այն քննչական գործողությունների թիվը, որոնցով ընթերակաների մասնակցությունը պարտադիր է համարվում:

Նմանատիպ նյութեր