211652_close_icon
views-count3390 դիտում article-date 18:58 09-02-2018

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը և զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վերընթաց զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը դրական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերություններն առավել ամրապնդելու գործում: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ ընդգծելով հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ու Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր