211652_close_icon
views-count7872 դիտում article-date 23:00 16-02-2018

Սիրիայում հարյուրավոր ռուսաստանցի վարձկաններ են սպանվել և վիրավորվել վերջին շաբաթվա ընթացքում

Ռուսական քաղաքացիություն ունեցող մոտ 300 մարդ է, ըստ Reuters–ի տեղեկատվության, սպանվել և վիրավորվել նախորդ շաբաթ Սիրիայում: Reuters-ի զրուցակիցներից մեկը ռուս զինվորական բժիշկ է: Նա պատմել է, որ այդ թվում զոհվել է մոտ 100 մարդ, որոնք համագործակցում էին Վագների մասնավոր ռազմական ընկերության հետ: Վագների ընկերության հետ անմիջական կապ ունեցող և մի քանի մարտիկների հետ ծանոթ աղբյուրը հաստատել է այդ տեղեկատվությունը: Վագների մասնավոր ռազմական ընկերությունն, ըստ ռուսական լրատվամիջոցների, զբաղվում է Սիրիայում և Դոնբասում մարտական գործողություններին մասնակցելու համար վարձկանների հավաքագրմամբ: Ընկերությունը պատկանում է պետերբուրգցի ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինին: Նրա հիմնական բիզնեսը ռուսական բանակին սննդամթերք մատակարարելն է: Մոսկովյան հոսպիտալներից մեկի բժիշկը գործակալությանը հաղորդել է, որ իրենց հիվանդանոցում այժմ ավելի քան 50 ռուսաստանցի կա, որոնք Սիրիայում են վիրավորվել: Մնացած վիրավոր վարձկանները բաշխվել են Մոսկվայի, Մերձմոսկովյան շրջանի և Սանկտ Պետերբուրգի 3 բուժհաստատությունների միջև: Ամերիկյան լրատվամիջոցներից շատերը հաղորդել են այն մասին, որ 2018թ-ի փետրվարի 7-ին ռուսասատանցի վարձկանները Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիայի և հրետանու հարվածի տակ են ընկել: Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարության գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը պատմել է, թե ինչ է այդ օրը տեղի ունեցել սիրիական Դեյր Զոր շրջանում: Նրա խոսքով՝ շրջանը, որը զբաղեցնում են “Սիրիական դեմոկրատական ուժերը”, փորձել է անհայտ հակառակորդ զբաղեցնել: Միջազգային կոալիցիան օգնել է ապստամբներին պահպանել դիրքերը: Կոալիցիայի ղեկավարությունը չի իմացել, թե եղել են արդյոք գրոհողների շրջանում ռուս զինվորականներ կամ վարձկաններ: Գեներալը պատմել է նաև, որ հարվածը հասցնելուց առաջ ամերիկյան կողմը կապվել է Սիրիայում ռուսական հրամանատարության հետ և հաղորդել գրոհի և այն մասին, որ կոալիցիան պատրաստվում է պատասխան հարված հասցնել: Ռուսական կողմի արձագանքն այդ հաղորդումներին Հարիգիանը չի բացահայտել: Մինչև փետրվարի 15-ը ռուսական իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում զոհված ռուսաստանցի վարձկանների մասին տեղեկատվությունը: Երեկ ռուսական ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ փետրվարի 7-ին Սիրիայում ենթադրաբար 5 ռուսաստանցի է զոհվել: Զախարովան ընդգծել է, որ այդ անձանց քաղաքացիության մասին տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել, այն ստուգվում է: Այդ անձինք ըստ նրա, հաստատ ռուսաստանցի զինվորականներ չեն եղել: Երկու ամիս առաջ JAMnews-ը հաղորդել է այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու մեկնարկի մասին: [url=https://jam-news.net/?p=86577&lang=hy] JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր