1650 դիտում
20:17 21-02-2018
«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ նուբարաշենցիներին հուզող աղբավայրի խնդրի լուծումն է». Երևանի քաղաքապետ
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, ձեռքբերումները, այնուհետև՝ 2018թ. ծրագրերը:
Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Որպես Նուբարաշեն վարչական շրջանի ձեռքբերում, Արթուր Կիրակոսյանն առանձնացրել է բակերի բարեկարգման, հանգստի նոր կենտրոնների ստեղծման, կենտրոնական զբոսայգու բարեկարգման, կրթամշակութային օջախների հիմնանորոգման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք բնակիչների կողմից սպասված են եղել տասնամյակներ շարունակ: Սոցիալական, մշակութային և մարզական ակտիվ համագործակցություն է ծավալվել Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ:
Խոսելով 2018թ. նախատեսված ծրագրերի մասին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ վարչական շրջանում Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ այս տարի շահագործման կհանձնվի նոր մանկապարտեզ, ուր հաճախելու հնարավորություն կստանա ևս 130 երեխա, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ծրագրի շրջանակում էլ հիմնովին կվերակառուցվի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցը:
«Պարոն քաղաքապետ, բոլոր այն ծրագրերը, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կյանքի կոչվեցին Նուբարաշեն վարչական շրջանում, իսկապես անչափ կարևոր ու սպասված էին մեր բնակիչների համար: Երևանի համաչափ զարգացման՝ Ձեր կողմից առաջադրված հայեցակարգի շրջանակում, տասնամյակների դադարից հետո, նուբարաշենցին տեսավ ու զգաց ամենօրյա հետևողականություն ու սրտացավ աշխատանք: Վստահեցնում եմ, որ թիմը պատրաստ է նույն հետևողականությամբ կյանքի կոչել նաև 2018թ. Ձեր կողմից առաջադրված բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Նուբարաշենի բնակիչների համար հարմարավետ պայմանների ապահովմանը»,- նշել է Արթուր Կիրակոսյանը:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Նուբարաշեն վարչական շրջանի կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ տասնամյակների դադարից հետո այս խնդրի լուծումը ևս կդառնա իրականություն:
«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի քրոնիկական խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Երևանի համար նոր աղբավայրի կառուցումը և հին աղբավայրերի մեկուսացումը, աղբի տեսակավորումն ու վերամշակումը մեր առաջնահերթությունների շարքում են: Եվ այսօր վստահորեն կարող ենք հայտարարել, որ առաջիկա տարիներին մենք վերջնականապես կլուծենք այն: Միջազգային մրցույթ հայտարարելուց հետո, մենք արդեն հանրությանը կներկայացնենք հստակ ժամկետներ՝ նոր աղբավայրի կառուցման մեկնարկի ու այն ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ»,- նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով սոցիալական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դրանց հասցեականությանն ու հանդես գալ նոր առաջարկություններով:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի են կոչվում սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իսկապես սպասված են դարձել բնակիչների կողմից: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակչի հոգսը հնարավորին թեթևացնելը, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելն ու օժանդակելը: Ուստի, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող և հանդես գալ սոցիալական նշանակության նոր առաջարկներով»,-նշել է քաղաքապետն ու հանձնարարել չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
8223 դիտում
21:37 25-06-2017
Ռուսաստանը տասնամյակներ շարունակ խաթարում է ԱՄՆ-ի ժողովրդավարությունը. ԿՀՎ-ի տնօրեն
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան