211652_close_icon
views-count2919 դիտում article-date 15:05 22-02-2018

Կառավարությունն ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պարտադիր պահանջ է դրել

Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս չկա բնական պաշարների արդյունավետ կառավարումն ապահովող համապարփակ քաղաքականություն: Ռազմավարության նպատակն է բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ և բարեկեցիկ շրջակա միջավայրի ձևավորման, կենսաբազմազանության և բնական ռեսուրսներով ապահովման միջոցով: Ռազմավարությամբ առաջարկվող լուծումները հնարավորություն կտան ոլորտում իրականացնելու բնական պաշարների կայուն կառավարմանն ուղղված բարեփոխումներ: Մասնավորապես, ըստ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, փաստաթղթով առաջին անգամ ընդերքօգտագործման աշխատանքների արդյունքում առաջացած թափոնների վերամշակման պարտադիր ապահովման պահանջ է դրվում: «Խոսքը վերաբերում է պոչամբարներին: Առկա է 22 պոչամբար, և դրանց վերամշակման ու հետագա կառավարման հարցն այսօր արդեն օրախնդիր է»,-ասել է նախարարը: Ռազմավարությամբ սահմանվել է ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը: Ընդունված որոշման նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը և դրանց արդյունքների տրամադրումն ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին: Արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք՝ ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար: Այդ նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Նմանատիպ նյութեր