211652_close_icon
views-count3005 դիտում article-date 15:11 27-02-2018

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացվել է գերժամանակակից սարքավորումներով կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր: Կենտրոնի ստեղծման պատմությունը սկսվել է դեռևս 2015 թ.-ի դեկտեմբերից, երբ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում մեկնարկել էր «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի իրականացումը, որը տրամադրվել է Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ գործող «Կրթության բարելավում» ծրագրի կողմից: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն է եղել, համակարգողը՝ ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբ. գիտ. դոկտոր Կարեն Թռչունյանը: Կենտրոնի բացման արարողության սկզբում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանն ուրախությամբ փաստեց, որ ֆակուլտետում սա արդեն երկրորդ նորարարական կենտրոնն է. «Նմանօրինակ կենտրոնների նշանակությունը դժվար է գերագնահատել հատկապես մեր օրերում, երբ բնական գիտությունների համար այնքան էլ լավ ժամանակներ չեն: Ուրախալի փաստ է, որ այս կենտրոնը բացվել է մեր երիտասարդ գիտնականի շնորհիվ, և համոզված եմ, որ հենց երիտասարդ կադրերն իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքում ավելի էական արդյունքներ կգրանցեն, ինչն էլ կնպաստի մեր ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը»: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում նշեց, որ այս կենտրոնի բացումը համալսարանի որդեգրած քաղաքականության շարունակականության արդյունքն է. «Մեր նպատակներից է ստեղծել գերազանցության կենտրոններ և այդ կենտրոններում կուտակել մարդկային լավագույն ռեսուրսների, լավագույն սարքավորումներ, լավագույն տեխնոլոգիաներ և կիրառել լավագույն մեթոդներ: Ամենակարևոր փաստն այն է, որ այսպիսի կենտրոնների շուրջը հավաքվում են երիտասարդ ուժեր: Այս կենտրոններն են, որ լուծում են նրանց աշխատանքի գիտական հետաքրքրությունների բավարարման խնդիրները, որն անչափ կարևոր է այսօրվա դժվարին պայմաններում»: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ շատ կարևոր է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, որոնք ապահովում են նորարարական մտքի համար անհրաժեշտ զինանոցի առկայությունը Հայաստանում. «Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել մեր Մայր բուհին, որը այս ծրագրում շատ կարևոր դերակատարություն է ստանձնել և կարողանում է քայլ առ քայլ ոտքի կանգնեցնել գիտությունը ինչպես իր, այնպես էլ Հայաստանի տարածքում: Սա շատ կարևոր ծրագիր է մեզ համար, քանի որ այն կարողանում է ճանապարհ հարթել երիտասարդ սերնդի համար»: ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս ծրագիրն իրականացավ գործընկերների շնորհիվ. «Ուզում ենք շնորհակալություն հայտնել «Երևանի գարեջուր» գործարանին, «Չանախ» ընկերությանը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին: Մեր համագործակցության արդյունքում ստեղծվել է կենտրոն, որը պետք է ապահովի կրթության, գիտության և արտադրության կապը»: Գեղամ Գևորգյանը հավելեց նաև, որ ծրագրի մեկնարկից մինչև այսօր արդեն իսկ կատարվել են հսկայական աշխատանքներ. «Կենտրոնն արդեն հյուրընկալել է մեծ թվով գիտնականների, կենտրոնի կողմից ներդրվել է երկու առարկայական ծրագիր, ինչպես նաև մշակվել է մագիստրոսական ծրագիր, որը կգործի եկող ուսումնական տարվանից»: Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրի շրջանակում ստեղծված կենտրոնի համար ձեռք են բերվել և տեղադրվել գերժամանակակից նորագույն սարքավորումներ (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ և այլն), ինչպես նաև կենսագործընթացների կառավարման համակարգը: Բացման հանդիսավոր արարաղությունից հետո հյուրերը ծանոթացան նոր կենտրոնին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր