211652_close_icon
views-count3377 դիտում article-date 11:38 02-03-2018

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ։Նրանում ասվում է. «Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր: Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները։ Ձեր նվիրումը և աշխատանքը նկատելի է և գնահատված։ Հայ դիվանագետներից մեծ են ակնկալիքները՝ մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման համար համապատասխան պայմանների ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդման և մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում։ Մենք դեռ շատ անելիք ունենք՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման և Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ինչպես նախորդ տարիներին, 2018 թվականին ևս մեր դիվանագիտական օրակարգը բավականին հագեցած է լինելու։ Հոկտեմբերին Երևանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը, որն իր ծավալով, համոզված եմ՝ նաև արդյունքներով, աննախադեպ է լինելու անկախ Հայաստանի պատմության մեջ: Ակնկալում եմ, որ ձեր հաստատակամությամբ և ավյունով նպաստելու եք այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն: Հարգելի՛ դիվանագետներ, Մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ ու եռանդ Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ձեր առաքելության մեջ` հանուն մեր հայրենիքի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»։

Նմանատիպ նյութեր