211652_close_icon
views-count2856 դիտում article-date 20:12 02-03-2018

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի են ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100 ամյակին նվիրված տոնակատարություններ

Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100 ամյակին նվիրված տոնակատարությունները և 11-րդ բանակումները կազմակերպելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ , որ վարչապետի որոշմամբ՝ ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի 2800 ամյակին զուգահեռ նշելու ենք Սփյուռքի խոշորագույն երիտասարդական կազմակերպության 100 ամյակը:ՀՄԸՄ պատմությունը հայոց պատմության մի մասն է: Եվ պետք է յուրաքանչյուրս մեր մասով հնարավոր ամեն ինչ անենք հոբելյանական միջոցառումները լավագույն ձևով կազմակերպելու համար»: Իր ելույթում ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին, երկու կաթողիկոսներին հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու և հովանավորելու համար: «Մեր կազմակերպությունը ծնվել է ուղիղ 100 տարի առաջ Պոլսում, բայց համարյա անմիջապես, նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով տեղափոխվել է Հայաստան: Թեև այսօր Սփյուռքում ենք, բայց ապրում ենք Հայաստանով: Մեր կազմակերպությունը Հայաստանի ու Սփյուռքի միավորման միասնականության խորհրդանիշն է: Շնորհակալություն Սփյուռքի նախարարությանը, որ մեր գործընկերն է, և մեր կողքին է մեր փոքր ու մեծ բոլոր ձեռնարկներում»: ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Օշին Փիրումյանը հանգամանորեն ներկայացրեց կազմակերպության 100 ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, և ինտերակտիվ քննարկման միջոցով բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները ճշտեցին իրենց անելիքները: «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության ատենապետ Դավիթ Հակոբյանը նշեց, որ տոնակատարություններից առաջ կկազմակերպվի մամուլի ասուլիս, կներկայացվեն տեղեկություններ ՀՄԸՄ սկաուտական 11-րդ բանակումի , ՀՄԸՄ մեկդարյա գործունեությանը նվիրված գիտաժողովի, ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված նամականիշի թողարկման և մարման, Գյումրիում ՀՄԸՄ 100 ամյակին նվիրված ձեռնարկների վերաբերյալ: «Բանակումին մասնակցելու են 1100-ից ավելի սկաուտներ աշխարհի 26 երկրներից, 600 երիտասարդ Հայաստանից», - հավելեց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր