Քննարկվել են Երևանի և Լիոնի միջև զբոսաշրջության զարգացման հարցերը
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացման հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի և Լիոնի տուրիզմի բաժնի պատասխանատու Կանդիս Արլենի միջև հանդիպման ընթացքում:
Ներկայացնելով Երևանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները` Գևորգ Օրբելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ կարևորում է գործընկեր քաղաքների հետ համագործակցությունը և նոր համատեղ նախագծերի իրականացումը: Նա իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նաև Երևանում նախատեսվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառավարման մոդելը:
Իր հերթին Կանդիս Արլենը ընդգծել է Երևանի հյուրընկալությունն ու յուրօրինակ ջերմությունը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև զբոսաշրջային հոսքերը կավելանան: