109969 դիտում
10:34 12-03-2018
Ողբերգական ավտովթար Թալինում. բախվել են ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ն ու ազատամարտիկի «099»-ը. վերջինի վարորդը տեղում մահացել է, վիրավորներն են Opel-ի վարորդը, դպրոցի տնօրենն ու ԵՊՀ ուսանողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Թալին քաղաքի Խանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արսեն Դանիելյանի վարած Opel Astra մակնիշի 96 AՕ 966 համարանիշի և Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ՝ 64-ամյա Գրիգոր Տոնոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 ԼF 917 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Տոնոյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ՝ Թալին քաղաքի բնակիչներ, 63-ամյա Անահիտ Հարությունյանը և 20-ամյա Մխիթար Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի վարորդ Ա. Դանիելյանը՝ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ս. Մարտիրոսյանն ու Գ. Վարդանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և քննիչ Գևորգ Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Հարությունյանն աշխատում է Թալինի թիվ 2 դպրոցում՝ որպես տնօրեն, Մ. Գասպարյանը սովորում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Opel-ի վարորդ Ա. Դանիելյանն աշխատում է ոստիկանության զորքերի 1032 զորամասում, իսկ մահացած Գ. Տոնոյանը Արցախյան պատերազմի մասնակից է եղել, Թալինում նրան ճանաչում էին որպես կռված տղա, ով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված խաչմերուկում բացակայում էին երթևեկությունը կարգավորող նշանները, դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ոչ միայն ավտոմեքենան վարել է մեծ արագությամբ, այլև ստեղծել վթարային իրավիճակ, բախվել «099»-ին և դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին և հայտնվել բնակչի հողամասում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+