211652_close_icon
views-count3246 դիտում article-date 14:34 17-03-2018

Նախագահը շնորհավորել է Սի Ծինփինին Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Ջերմությամբ հիշելով 2015 թվականի մարտին կայացած պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հաջողությամբ են կյանքի կոչվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խթանելով հայ-չինական բազմոլորտ և բազմաբովանդակ հարաբերությունները: «Հայաստանը առանձնակիորեն կարևորում է Չինաստանի հետ դեռևս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներում գոյություն ունեցող պատմական բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և ամրապնդումը ամենատարբեր ոլորտներում: Այսօր էլ մենք պատրաստ ենք շարունակելու հարստացնել մեր ժողովուրդների բարեկամության էջերը նորանոր ձեռքբերումներով, այդ թվում՝ Չինաստանի նախաձեռնած տարածաշրջանային և միջազգային կարևորագույն նախագծերում սերտ փոխգործակցությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր