211652_close_icon
views-count4341 դիտում article-date 12:59 19-03-2018

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին

Մարտի 15-ից 18-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառը, որին ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպմամբ և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ այս տարի առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը: Հայկական տաղավարում ներկայացված էին հայ դասական և ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն և տարբեր լեզուներով թարգմանություններով: Տոնավաճառի շրջանակներում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը առանձնազրույցներ ունեցավ Տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի, ինչպես նաև տարբեր խոշոր հրատարակչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում դեսպանը կարևորեց Երևանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ Հայաստանում գերմաներենի առավել լայն տարածման, գերմաներեն լեզվով հայ գրականությունն ընթերցողին հասանելի դարձնելու հարցերում: Գոհունակությամբ արձանագրելով Տոնավաճառին Հայաստանի մասնակցությունն առավել ընդլայնելու պատրաստակամությունը՝ կողմերն այդ ուղղությամբ արդյունավետ համագործակցությունը խորացնելու նպատակով ձեռք բերեցին մի շարք պայմանավորվածություններ: Տեղեկանք. Ամեն տարի մարտ ամսին անցկացվող Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն այսօր հնարավորություն է ընձեռում ավելի քան 200.000 այցելուներին ծանոթանալու Գերմանիայի և բազմաթիվ այլ երկրների շուրջ 2500 հրատարակչությունների կողմից ներկայացված ամենատարբեր բնույթի գրականությանը, մասնակցելու քննարկումներին անձամբ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ: Լայպցիգի Գրքի տոնավաճառը լուսաբանվում է ավելի քան 3000 տեղական և օտարերկրյա լրագրողների և բլոգերների կողմից: [img]http://st0.shamshyan.com/editor/0515583001521449144921716.jpg[/img]

Նմանատիպ նյութեր