211652_close_icon
views-count5057 դիտում article-date 21:01 24-03-2018

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում նկատվել է տուբերկուլյոզի հիվանդացության և մահացության ցուցանիշների 3 անգամ նվազում. ՖՈՏՈՇԱՐՔ

Ամեն տարի մարտի 24-ին նշվում է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը, որի հիմնական նպատակն է իրազեկել հանրությանը հիվանդության և իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Ընդլայնված պարտավորությունների ժամանակաշրջան բոլորի համար»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` 2016 թվականին ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզով հիվանդացել է 290000 մարդ, որոնց հիմնական մասը` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Չնայած վերջին 10 տարվա ընթացքում հիվանդացությունը տարածաշրջանում իջնում է միջին հաշվով տարեկան 4,3%-ով, այդ տեմպը բավարար չէ մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շարքում տուբերկուլոզի վերացմանը հասնելու համար: Շարունակում է ցածր մնալ հիվանդության բուժման բարեհաջող ելքերի ցուցանիշը` կազմելով ընդամենը 77% տուբերկուլոզի բոլոր նոր և կրկնվող դեպքերում: Օրվա շրջանակում Աղվերանում մեկնարկեց երկօրյա սեմինար՝ «Վերացնենք տուբերկուլոզը» թեմայով զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար։ Երկօրյա միջոցառման նպատակն է՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով բարձրացնել տուբերկուլոզի մասին հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև ևս մեկ անգամ բարձրաձայնել այս հիվանդության կանխարգելման և բուժման կարևորության մասին։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է «Տուբերկուլոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ծրագիր»` ուղղված մեր երկրում տուբերկուլոզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացմանը: Ծրագիրը համահունչ է ԱՀԿ և ՄԱԿ մարտահրավերներին, ՄԱԿ կայուն զարգացման նպատակներին և միջազգային սկզբունքներին: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում արտահիվանդանոցային և առաջնային պահպանման ծառայությունների ամրապնդման և կատարելագործման միջոցով հասնելու առավելագույն չափով մարդակենտրոն համակարգի ներդրմանը։ Այդ կերպ մեր երկրում տուբերկուլոզի տարեկան ավելի քան 10%-ով նվազող հիվանդացության ֆոնի վրա հնարավոր կդառնա վարակի արդյունավետ վերահսկումը, ակտիվ հայտնաբերումն ու արդյունավետ բուժումը, բուժման բարեհաջող ելքերի ցուցանիշի բարձրացումը: Ներկայումս իրականացվում է երկրում տուբերկուլոզային ծառայությունների տեղաբաշխման, կադրային հագեցվածության և այլ կարիքների գնահատում, իրավական դաշտի վերանայում, որին կհաջորդի գործողությունների հստակ ճանապարհային քարտեզի կառուցումը: ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրեն Արմեն Հայրապետյանը, ներկայացնելով տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում, նշեց որ, տուբերկուլոզը շարունակում է մնալ հանրային առողջապահության հիմնախնդիր, և առաջարկվող մոդելը հավակնում է դառնալ Արևմտյան և Արևելյան երկրների համար օրինակելի։ Անդրադառնալով ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքներին՝ ՀՀ ԱՆ գլխավոր ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանն ընդգծեց, որ վերջին տարիներին մեր երկրում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տուբերկուլոզի 691 նոր դեպք, որից 50-ը՝ 0-17 տարեկանների մոտ (2016 թվականին` 820): Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը շուրջ 3 անգամ բարձր է, քան կանանց: Նոր դեպքերից շուրջ 20%-ը հիվանդացել են արտերկրում։ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանականերում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 10 տարվա ընթացքում նկատվել է նաև հիվանդացության և մահացության ցուցանիշների 3 անգամ նվազում։ Նշենք, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է , որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է, նույնիսկ նրանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց այդ պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այս վարակը` տուբերկուլոզը, լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին: Բուժման սխեմայի խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է պահանջում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր