3643 դիտում
13:47 27-03-2018
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Մարտի 26-ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները։
Հայաստանյան կողմից խորհրդակցությունները վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ արցախյան կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմինե Ալեքսանյանը և Ֆելիքս Խաչատրյանը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հատուկ շեշտ դրվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ դիրքորոշումների համաձայնեցման և այդ նպատակով փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի վրա։
Կողմերն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին։ Մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցերի շուրջ։
Խորհրդակցությունների շրջանակներում փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին ընդունեց նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Նա բարձր գնահատեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով այն պետք է զարգացնել և խորացնել։
Արցախ կատարած այցի ընթացքում փոխարտգործնախարար Հովակիմյանին ընդունեցին նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
15:54 07-05-2019
Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»