37870 դիտում
09:45 28-03-2018
Մեր զրուցակիցն է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը
- Պարո՛ն գեներալ, մոտենում է 2016-ի ապրիլյան պատերազմի 2-րդ տարելիցը: Որո՞նք էին ապրիլյանի դասերը:
- Հիմնական դասն այն է, որ մենք պետք է ցանկացած պահի, ցանկացած ակնթարթի պատրաստ լինենք ոտնձգության նենգաբարո ոսոխի կողմից, զգոն եւ պատրաստ լինենք դիմակայելու թե՛ դիվերսիոն թափանցման փորձերին, թե՛ լայնամասշտաբ հարձակման:
Պետք է հզորանանք, իրենցից ուժեղ լինենք, որ կարողանանք մեր կամքը թելադրել, խաղաղություն պարտադրել:
- Որքանո՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը:
- Չկա այնպիսի գիտություն, որ կարողանա պարզել՝ կվերսկսվե՞ն ռազմական գործողությունները եւ եթե այո՝ ե՞րբ: Ես կարծում եմ, որ մեր ճակատագրին ինքներս պետք է տնօրինենք: Արդեն ասացի՝ հետեւողականորեն ուժեղանանք, մշտարթուն լինենք, միասնական լինենք: Թուրքը դողում է հայի միասնականությունից:
Թուրքը դողում է նաեւ պատանի երկրապահ տղաներից ու աղջիկներից, մեր նոր սերնդից: Դրանք հետեւում են, թե ինչպես ենք մենք վաղվա Հայաստանի ու Արցախի հզորության մասին մտածում, թե ինչ հայրենասեր սերունդ ենք դաստիարակում եւ սարսափում են մեր գալիք սերունդներից, տեղը բերում են:
- Խոսեցիք միասնության կարեւորության մասին, ուժեղ լինելու մասին, այնինչ կան տեսակետներ, որ ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածում մեր երկրում գործադիր իշխանություն չի լինելու:
Այդ ժամանակահատվածում ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
- Գործադիր իշխանությունը միշտ էլ լինելու է, միշտ էլ իր պարտականությունները կատարելու է: Ապրիլի 9-ից գործող վարչապետն ու նախարարները շարունակելու են իրենց պարտականությունների լիարժեք կատարումը, մինչեւ նշանակվի նոր վարչապետն ու ձեւավորվի նոր կաբինետը: Ոչ մեկի մտքով թող չանցնի, թե կարող է իրավիճակից օգտվել, կարող է առիթից օգտվել:
Սադրանքներ, անկարգություններ, խժդժություններ չեն կարող հրահրել ո՛չ արտաքին թշնամին, ո՛չ պետության, հայրենիքի նկատմամբ անտարբեր ինչ-ինչ ներքին տարրեր:
ՀՀ սահմանների անվտանգության, ՀՀ ներքին կայունության ցանկացած սպառնալիքի համարժեք պատասխան կտրվի պետության կողմից:
Վստաբար՝ մեր պետական կարգն ու Հայաստանի, Արցախի սահմանները պաշտպանված են լինելու:
Զրուցեց Գագիկ Շամշյանը